Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/611

Այս էջը հաստատված է

− Չերքյազ,− ասաց նա։

Արմենիերը փաթաթվեց նրան։

− Ղարդաշ էրմենի՞։

− Էրմենի ղարդաշ...

− Փառք քեզ, տեր,− մելամաղձոտ ասաց ալեհեր զինվորը,– ինչպես հանկարծ բախտ ես տալիս մարդուն և բախտ ես խլում... Տես ինչպես լուսավորվեց երեսը... Իսկ շրջում էր մենակ, ինչպես անտառի բու... Տես ինչպես բացվեց լեզուն... Նրանցն էլ լեզու է, նրանք էլ ցեղ են և աստված ունեն, և հող են վարում, և մանր երեխաներ ունեն։

Զինվորները տխրեցին։ Գուցե նրանք հիշեցին իրենց տնակները և մանր երեխաներին և իրենց կանանց, որոնք ով գիտե քաղցած են, ցուրտ է տնակում և գուցե նրանք այլևս կենդանի չեն։ Մեկը մռայլ նայեց հիվանդանոցի բակին։ Նա ձեռքը զայրույթով թափ տվեց և ներս մտավ։ Իսկ մյուսները, թեև տխուր, բայց լսում էին նրանց զրույցը:

Նրա անունը Համզայ էր։ Նա գիտեր մի քանի բառ թուրքերեն, մի քանի բառ ռուսերեն և գիտեր միայն իր մայրենի լեզուն, որին Արմենիերը անծանոթ էր։ Եվ այդ խառն լեզվով Համզայը պատմեց, որ ինքը մասնակցել է պատերազմին, բայց այլևս «սիրտը չի ուզել» (նա ցույց տվեց սիրտը), վիրավորվել է և ահա երրորդ ամիսն է հիվանդանոցում։ Ուրիշ այլ բաներ ևս պատմեց Համզայը իր մայրենի լեզվով և Արմենիերը մի կերպ հասկացավ, որ Համզայը կարոտում է իր հայրենիքը, բայց այլևս այնտեղ չի վերադառնա, որովհետև «Թուրուխանը» նրա թշնամին է։

Հնչեց զանգը և եկան դարբասը կողպելու։ Արմենիերը նրան մի անգամ էլ տեսավ բակի մեջ, չերքեզը ձեռքով արեց և դարբասը փակեցին։

Այդ օրից նրանք մտերմացան։ Յուրաքանչյուր կիրակի Արմենիերը գնում էր հիվանդանոց, իր բարեկամի համար նա տանում էր քաղցրավենիք, միրգ։ Երբեմն բաժին էր հանում իր աղքատիկ գրպանից: Հետզհետե ավելի էր հասկանում նրան։ Այսպես, օրինակ, նա առաջին օրերը կարծում էր, որ «Թուրուխանը» Համզայի թշնամին է այնտեղ, նրա հայրենիքում։ Բայց հետո հասկացավ, որ Թուրուխանը մայոր Տերյոխինն էր,− կայազորի պետը։ Նա իմացավ նաև, որ Համզային դեռևս պիտի պատժեին, որովհետև իբրև թե նա ինքն էր վիրավորել իրեն, այլևս պատերազմ չգնալու համար։ Եվ սպասում էին, որ նա կազդուրվեր։ Այդպես էր սպառնացել մայոր Տերյոխինը մի այցելության ժամանակ։

Արմենիերի համար չերքեզն ուներ մի անպատմելի հմայք։ Այդ լեռնականի դեմքի վրա, նրա լեզվի մեջ մի բան կար, որ չէր հագեցնում