Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/612

Այս էջը հաստատված է

Արմենիերի ծարավը, բայց հնչում էր ինչպես Նովավոր աղբյուրի ձայնը: Նրա աչքերի մեջ կար մի հարազատ ցոլք: Այդ մի ծաղիկ էր, որ չէր բուրում, բայց հիշեցնում էր այն դրախտային ծաղիկը, որին օրորում էր Զանգուն։

Համզայը մի անգամ երգեց: Այնքան քաղցր էր այդ երգը հեռու հյուսիսում։ Կարծես լեռան հետևից բարձրանում էր արևը և ձև էին առնում թփերը, ցողում շողում էր սպիտակ ջուրը: Նրա երգը օտար առարկաներին գույն էր տալիս և դարբասը փոխում էր տեսքը և նմանվում իրենց տան դարբասին, որի դռները երգում էին. ահա դիմացի գորշ պատը պայծառանում է ինչպես Զվարանցի քարաժայռը, երբ նրա լանջին բացվում է մայր մանուշակը:

Համզայը նաև պատմում էր հիվանդանոցի կյանքից... «Շունը մեզնից լավ է ապրում, ղարդաշ... Ա՜խ, եթե շուն լինեի, գնայի այս երկրից, գյուղերով գնայի, արտերի միջով գնայի, ցերեկը քնեի խոտերի մեջ, գիշերը մինչև լույս գնայի և հասնեի մեր սարերին, մեր գյուղը, ոչխարը աարը տանեի... Հիմա արդեն սարերը կանաչում են, ղարդաշ...»:

Արմենիերը Համզայի վիճակը թեթևացնելու համար դիմել էր Պարրոտի միջնորդության։ Պրոֆեսորը սառը պատասխանել էր.

− Ավելորդ է դիմել մայոր Տերյոխինին։ Նա գազան է և հետևանքը կարող է լինել այն, որ ձեր երկրացու վիճակն ավելի կծանրանա...

13

Սենյակում մոմերը վառվում էին, դեղնավուն լույսի հետ սփռելով խաղաղություն։ Իրերն ընկղմվել էին կիսաստվերների մեջ. միայն պատից կախած նկարի ապակին էր իր մեջ հավաքել շողերը և արտացոլում էր, հիշեցնելով մի նեղ պատուհան, որից ներս է ընկել աստղալույսը: Խաղաղ էր նաև փողոցը, որտեղից երբեմն միայն լսվում էր մի անհայտ անցորդի ոտնաձայն։

Տիկին Էլոիզը նայում էր պատուհանի կողմը։ Երբ դրսում հետզհետե հանգչում էին ոտնաձայները, սենյակում լռությունն ավելի էր թանձրանում և լսվում էր մոմերի ճարճատյունը, կարծես մեկը գիրք էր թերթում: Իսկ երբ անցնում էր քամին, մոմերի բոցերը մեկ ձգվում էին, մեկ ծալվելով նստում: Պատուհանի վարագույրները խաղում էին և տիկին Էլոիզին թվում էր, թե մեկը դրսից իրեն է նայում։

Նա մոտեցավ կլավիրին։ Ստեղների ուրախ հնչյուններից սենյակը զվարթացավ: Նա աննպատակ նվագեց մի ինչ-որ կոնտրդանս, կարծես չէր լսում նվագը, այլ ավելի հիանում էր իր մատների գեղեցկությամբ: