Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/616

Այս էջը հաստատված է

տաղտկալի և միօրինակ, ինչպես օրերը այն համեստ բյուրգերների, որոնք ծնվում և մեռնում են միևնույն փողոցում և որոնց կյանքում, ծննդից մինչև մահ, միակ նշանավոր դեպքը ամուսնությունն էր դրացուհու հետ։

Փողոցում ոտնաձայն լսվեց։ Նա է... Գալիս է։ Տիկին Էլոիզը ոտքի ելավ։ Մի տաք դող անցավ նրա մարմնով։ Ահա նա բախում է դուռը։ Միայն նա է այդպես բախում՝ ամուր և երեք անգամ։

− Մի՞թե անձրևում է։

− Անձրևում է։

Արմենիերը զարմացած նայեց տիկին Էլոիզին, թվաց թե ուրիշ դուռ էր ծեծել և ներս էր մտել ուրիշ տուն, որտեղ ապրում էր ամենաչքնաղն այն գեղեցկուհիներից, որոնք բարձրացնելով վարագույրի եզրը, հետաքրքիր նայում էին արևելցուն։

Նա աչքերը հառել էր ժապավենի կարմիր փնջերին։

− Ինչո՞ւ այսօր այդպես եք հագնվել։ Իսկ ձեզ դուր չի՞ գալիս։

− Ցուրտ է... կարող եք մրսել,− ասաց նա կոշտ և տոնական գորովով, ապա նայեց մյուս սենյակի դռներին, որտեղից սովորաբար ներս էր մտնում պրոֆեսոր Աուսլենդերը, լսելով նրա ձայնը։

− Գերմանն այսօր ուշ կվերադառնա...

− Ինչ մութ գիշեր է... Իսկ ո՞րտեղ է Մատիլդան։

− Նրա եղբայրը եկել է գյուղից։ Խնդրեց այցելության գնալ:

Արմենիերը լռեց։ Արտասովոր և քաղցր մի բան կար Էլոիզի ձայնի մեջ։ Ե՞վ պրոֆեսորը տանը չէր, տանը չէր նաև աղախինը՝ Մատիլդան և՛ տանը ուրիշ ոչ ոք չկար։

Իսկ տիկին Էլոիզն այնքան գեղեցիկ էր, այնպես էին այրվում այն փնջերը նրա սև զգեստի վրա։

− Ինչպե՞ս չեք երկյուղում մութին տանը մենակ մնալ։

- Մեր տունը մութ չէ... Տեսեք քանի մոմ է վառվում,− հնչեց նրա ջղային ծիծաղը։

− Իմ հայրենիքում կինը կվախենա մութ գիշերով տանը մենակ մնալ։

− Բայց ես մենակ չեմ։ Դուք այստեղ եք,– և նորից հնչեց նրա հեգնոտ ծիծաղը, որով տիկին Էլոիզը ուզում էր խայթել նրան։− Այնպես չէ, դուք ինձ կպաշտպանեք, եթե չարագործները հարձակվեն մեր տան վրա, ինչպես հարձակվում են ձեր երկրում։