Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/621

Այս էջը հաստատված է

Հանս Տրաուբեին, որի տունը ռուսների նոր աղոթատան դիմացն է... Եվ նրանք գրում են, որ հայրը մահացել է գյուղում»։ Եվ իսկապես այդպես էր, ճշմարիտ աստված։ Նա հագնում էր սև ֆրակը, հագնում էր նաև սև ձեռնոցները, որովհետև գիտեր, որ կառապան Հանս Տրաուբեն կարդալ չգիտե և իրեն պիտի խնդրի կարդալ այդ նամակը, որից հետո բոլորը պիտի ողբային ծերունու մահը։ Եվ իմ հանգուցյալ ամուսինն առաջինն էր ասում մխիթարանքի խոսքը, նույնիսկ պաստորից առաջ։ Եվ կառապան Հանս Տրաուբեն այդ օրից դառնում էր իմ ամուսնու բարեկամը և եթե նրան փողոցում հանդիպեր, նա հեռվից կանչում էր, «բարև ձեզ, պարոն պոստմեյստեր»,− և մինչև անգամ առաջարկում էր կառքը նստել, որովհետև հոր մահվամբ Հանս Տրաուբեն ժառանգություն ստացավ... Այդպիսի մարդ էր իմ հանգուցյալ ամուսինը։ Կամ բերում էր մի փոքր ծրար, այնքան փոքրիկ, որ կարելի էր ասել, թե տասը խոսքից ավելի չէր տեղավորի,− բայց նա ցույց էր տալիս ծրարը և ժպտում. «Մարթա, վաղը կարող ես շնորհավորել դատավորի կնոջը... Ինչպե՞ս է նրա կրտսեր աղջկա անունը»։ «Ամալյա է անունը, տեր իմ...»։ «Այս ծրարի մեջ Ամալյայի երջանկության բանալին է... Հիշու՞մ ես այն թնդանոթաձիգ կապիտանին, որ այս ամառ գնդի տոնին ողջ-ողջ կուլ տվեց տասներեք ձուկ»։ Եվ իսկապես, նա կուլ էր տվել տասներեք կենդանի ձուկ և ամբողջ քաղաքում խոսում էին այդ մասին։ «Ահա այս նամակով պարոն կապիտանը խնդրում է դատավորի դուստր Ամալյայի ձեռքը»։ Եվ ինչ. մի շաբաթ հետո դարձյալ իմ ամուսնու ձեռքով ուղարկում էին պատասխանը և ամիսը չբոլորած, մեզ ևս կանչում էին հարսանիքի։ Ահա թե ինչպիսի պոստմեյստեր էր իմ հանգուցյալ ամուսինը, նստում էինք երկուսով, քանի որ աստված մեզ արժան չհամարեց զավակ ունենալ,– նստում էինք, նա խմում էր երեկոյան թեյը (նա սիրում էր ծաղկով թեյ և հիմա էլ դեռ այդ ծաղկից պահում եմ),− և միասին զրուցում էինք։ Ամբողջ քաղաքում դեռ ոչ ոք չգիտեր, թե ով է դժբախտացել և կամ ով է, որ պիտի երջանկանա և միայն մենք գիտեինք... Այդպիսի մարդ էր իմ ամուսինը։

Արդեն Մատիլդան զգացվել էր այրի Աշինգերի զրույցից և խեղճ աղջկա աչքերի մեջ արցունք էր երևում, այնինչ տանտիրուհին դեռ պատմում էր, մեծ եռանդով սրբելով ափսեները, որ ամենևին յուղոտ չէին, այլ միայն փոշոտ էին և այդ փոշին վկայում էր, որ պոստմեյստեր Աշինգերի մահից հետո ափսեներն այլևս չեն փայլել սեղանի վրա։

− Իսկ ինչ երիտասարդ է Արմենիերը, աստված իմ... Կարող եմ ասել, որ ահա տասը տարի է այրի եմ և այդպիսի երիտասարդ չեմ տեսել: