Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/622

Այս էջը հաստատված է

Ինչքան եմ երախտապարտ տիկին Պարրոտին, նաև երախտապարտ եմ տիկին Էլոիզին։ Շնորհակալ եմ, որ չեն մոռացել երախտիքն իմ հանգուցյալ ամուսնու... Իսկ իմ ամուսինը պատահում էր, որ բուքին, երբ փողոցներում կրակ էին վառել, որպեսզի մարդիկ կարողանան շարժվել, իմ հանգուցյալ ամուսինը, որի նման պոստմեյստեր մինչև անգամ Պետերբուրգում չկար...

Այդ զարմանալի Աշինգերը ձյունամրրիկին ծրարներն անձամբ էր տանում ռեկտոր Գեորգ Ֆրիդրիխ Պարրոտին («այն ժամանակ որդին՝ Ֆրիդրիխը, որ ռեկտոր է այժմ, դեռ երիտասարդ էր...»)։ Այդ հեռավոր ժամանակներից Աշինգերի այրին ինչպե՞ս պիտի հասներ եկեղեցի, որտեղ նա հանդիպել էր երկու տիկիններին և ապա տիկին Պարրոտը նրան հարցրել էր.

− Չգիտե՞ք մի հարմար սենյակ առաքինի տան մեջ մեր բարեկամ Արմենիերի համար... Եվ որ տանտիրուհին հոգա նրան, դաստիարակի, որովհետև նա խնամքի կարոտ է...

Մի ժամից հետո տիկին Աշինգերի խոսքը նորից դարձավ Արմենիերին։

− Ահա շուտով կլրանա վեց ամիս, ինչ նա ապրում է իմ տանը և ես միշտ փառք եմ տալիս աստծուն, որ հանդիպել եմ այդպիսի մարդու։ Ո՛չ աղմկում է, ո՛չ նրան հարբած եմ տեսել, ո՛չ ուրիշ անիրավություններ է անում, ինչպես օրինակ՝ նա,− և տանտիրուհին այս խոսքի վրա ձայնը ցածրացրեց, մատը մեկնելով դեպի ձեղունահարկը,− նույնիսկ ամոթ է նրան պարոն ուսանող ասել... Նա լավ կաներ շրջեր տոնավաճառներում և բռնցքակռվով փող աշխատեր: Ա՜յ, եթե ողջ լիներ եմ հանգուցյալ ամուսինը, նա նրան ցույց կտար։ Բայց ես, այրիս, ի՞նչ կարող եմ անել։ Իսկ Արմենիերը՝ անմեղ աղավնի է... Դեռ ամիսը չլրացած ծեծում է դուռս և ասում. «Կարելի՞ է, տիկին Աշինգեր... Ահա այս ամսվա վարձը՝ յոթ ռուբլին: Եվ վճարում է։ Ես գիտեմ, որ նրա թոշակը քսանհինգ ռուբլի է և յոթ ռուբլին ինձ է վճարում, բայց դրա փոխարեն ես նրան հատկացրել եմ ամենալավ սենյակը՝ երկու պատուհանով և ծաղիկներով,− տիկին Աշինգերը բացեց սենյակի դուռը,− նաև ինքս եմ հավաքում սենյակը, լվանում եմ նրա ներքնաշորը և խնամում եմ, ինչպես մայրը որդուն։ Հենց մի շաբաթ առաջ նա ինձ թե՝ «տկար եմ, տիկին Աշինգեր»։ Եվ ես նրան այնպիսի մուգ թեյ տվի և իմ տզրուկներով արյուն առա նրանից և նա մյուս օրը ոտքի կանգնեց... Իմ տզրուկները մինչև անգամ բուրգմեյստերի կնոջն են առողջացրել... Նաև պատահում է, որ մի տեղ կարը քանդվում է և թել-ասեղ է հարկավոր։ Տղամարդ լինելով