Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/623

Այս էջը հաստատված է

նա անհոգ է և մինչև անգամ չի նկատի, եթե կարը քանդվելով հասնի Ռիգա, և կամ մի կոճակ այնպես է կախվում, որ խղճահարվում ես, թե ինչու՞ է նա այդպես կախվել, ինչպես իմ ամուսնու ֆրակի կոճակները և ամոթ է ասել տաբատի կոճակները, որոնցից մեկն ու մեկը միշտ օրորվում էր թելի վրա, ինչպես հարբած գլուխ և ես դեռևս միտք եմ անում, թե արդյոք նրա բոլոր կոճակները վայելուչ տեսքո՞վ էին, երբ հանգուցյալին դրին դագաղի մեջ...

Մատիլդան հառաչեց, որովհետև զգայուն էր և չէր կարող առանց հառաչելու լսել մահվան մասին։

− Եվ առանց խոսքի առնում եմ նրա տաբատը կամ ժիլետը, կարում եմ քանդված կարը, ամրացնում եմ կոճակը, որովհետև մտածում եմ, մեր քաղաքում նա հարազատ մայր չունի, և՛ քույր չունի, և՛ կին չունի, և՛ մինչև անգամ խղճի ընդդեմ է, որ այդպիսի մարդը շրջի առանց կոճակի... Իսկ սենյակը ոչ մի պակասություն չունի։ Եթե Դոմբերգի գագաթին արև կա, արևն այս սենյակի մեջ է։ Իսկ այն բազմոցը, որ տեսաք, իմ ամուսնու սիրած բազմոցն էր։ Ես այս սենյակը տեղափոխեցի, թեև կոնտրակտի մեջ չի հիշատակված, տեղափոխեցի, որպեսզի Արմենիերի օթևանը բոլորովին շքեղ լինի, ինչպես բարոնի որդու բնակարանը։ Եվ ամենևին չեմ փոշմանել, քանի որ նա արժանի է... Իսկ այն մեկը,– տանտիրուհին մատը նորից վեր բարձրացրեց,– չեմ կարող ասել, թե ինչպիսին է... Ամբողջ ձեղունահարկն զբաղեցնում է տարին տասնութ ռուբլով և ինն ամիս է ոչինչ չի վճարել։ Եվ մինչև անգամ վախենում եմ նրան խոսեցնել... Իսկ Արմենիերը, չեմ կարող ասել, ինչքան բարեհոգի է։ Երբեմն այնպես է երգում, այնպիսի քաղցր ձայնով է երգում, որ պատի հետևից ես լսում եմ, լաց եմ լինում, հիշելով իմ հանգուցյալ ամուսնուն։ Իսկ թե ինչքան խելոքն է, այդ մասին էլ խոսք չկա։ Իզուր չէ, որ պարոն պրոֆեսորը բոլոր հայերից միայն նրան է ընտրել։

− Այո, իմ պարոնն ևս ասում էր, որ նա խելոք է,− ընդհատեց Մատիլդան,− ես ինքս եմ լսել նրա զրույցը տիկնոջ հետ... Նա ասում է, որ եթե այսպես գնա, հերր Արմենիերը կարող է մինչև անգամ պրոֆեսոր դառնալ:

− Եվ կդառնա... Անպատճառ կդառնա... Նա գիշերները համարյա չի քնում և շարունակ կարդում է։ Տեսա՞ք մոմը, մինչև վերջ վառված էր։ Իսկ երեկոյան դեռ բոլորովին նոր էր մոմը։

− Իսկ իմ տիրուհին ևս նրան շատ է սիրում։

− Օ՜, տիկին Էլոիզը հրեշտակ է... Ամեն անգամ նրան ուզում եմ այցելության գնալ և շնորհակալ լինել նրա բարեխոսության համար, բայց դեռ չեմ գնացել։