Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/624

Այս էջը հաստատված է

− Երբ տանը քաղցրավենիք է լինում կամ կարկանդակ, իմ տիրուհին ինձ հարցնում է. «Մատիլդա, պահե՞լ ես Արմենիերի բաժինը...»։

− Հապա Արմենիերն ինչպես գովեստով է խոսում տիկնոջ և պարոն Աուսլենդերի մասին։ Նա ասում է, որ հավիտյան չի մոռանա այդ տունը։

− Տիկին Աշինգեր, միայն ձեզ եմ ասում,– և Մատիլդան շշնջաց ականջին,– իմ տիրուհին ասեղնագործում է տղամարդու այնպիսի կրծկալ, որ ամբողջ քաղաքում ոչ ոք չունի։ Սև թավիշ է, վրան ոսկեթելերով և մարգարիտներով այնպիսի շուշաններ, որ կարծես նոր են քաղել։ Իսկ վզի վրա՝ վարդերի ժանյակ և երկու թիթեռ, մեկն սպիտակ, մյուսը՝ դեռ չի սկսել, այլ միայն նշան է արել...

− Ա՜յ-ա՜յ-ա՜յ,− և այրի Աշինգերը հիացմունքից փափուկ ձեռքը խփեց իր այտին և այդպես էլ պահեց ձեռքը։− Եվ ո՞ւմ համար է գործում։

− Ես այնպես եմ միտք անում, որ պարոն պրոֆեսորի համար չի գործում, քանի որ գույները և նախշերը երիտասարդի են։

− Ուրեմն... Ա՜յ–ա՜յ–ա՜յ...

− Միայն խնդրում եմ, տիկին Աշինգեր, ոչ ոքի... Որովհետև դեռ չի վերջացրել և կարելի է, որ ուզում է անսպասելի նվիրել...

Տիկին Աշինգերը ոչինչ չպատասխանեց, այլ հապաղած աչքերով նայեց Մատիլդային, ձեռքն այտի վրա... Նա խոր միտք էր անում, թե առաջ ո՞րին պատմի՝ կողովագործի կնո՞ջը, որ ապրում էր նրա տան ներքնահարկում, թե՞ հարևան վարսավիրի կնոջը։ Եվ որոշեց, որ ավելի լավ է սկսել մահուդավաճառի կնոջից, քանի որ նա տիկին Աշինգերի տզրուկներն ավելի զորավոր է համարում վարսավիրի տզրուկներից։

− Իսկ շուտո՞վ պետք է նվիրի,− սթափվեց պոստմեյստերի այրին:

− Չեմ կարող ասել։ Այս առավոտ իմ տիրուհին թեև գունատ էր, բայց երբ պարոն պրոֆեսորը գնաց, վերցրեց թավիշը և սկսեց ասեղնագործել։ Առաջ նա ճաշից հետո էր գործում, երբ քնում էր պարոն Գերմանը, իսկ այսօր առավոտյան կանուխ սկսեց...

− Ուրեմն շտապում է։

− Եվ ինձ ասաց, որ ծնկները փաթաթեմ, որովհետև իրեն վատ է զգում։ Երեկ նա թեթև էր հագնվել և երևի մրսել է...

− Երեկոները դեռ ցուրտ է... Իսկ ես ինչպես եմ մրսում։

− Երբ նրան փաթաթեցի, իմ տիրուհին հարցրեց, թե Մատիլդա, դու գիտե՞ս տիկին Աշինգերի տունը Գրունշտրասսեի վրա։ Ես պատասխանեցի՝ այն տունը չէ՞, որտեղ հերր Արմենիերն է ապրում... Հիշում եք, տիկին Աշինգեր, ձմեռը ծննդյան տոնին մի անգամ եկա և պարոնի համար կարկանդակ բերի։