Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/627

Այս էջը հաստատված է

Մատիլդան ուշքի եկավ.

− Այնտեղ... Կտուրի տակ սատանա կա... Նա ծխում էր ծխամորճը, իսկ մի ուրիշը թուրը ձեռքին պահապան էր կանգնել:

− Հիսուս Քրիստոս,− և տիկին Աշինգերն ահից այլևս ոչինչ չասաց։ Կողովագործի կինը գիրկն առավ փոքրին: Բոլոր կանայք լուռ նայեցին միակ տղամարդուն՝ կողովագործին, որը նույնպես լուռ էր։ Ձեղունահարկի բնակիչը, որից այնքան գանգատվում էր տանտիրուհին, Օտտոկար Դրիշն էր, մեկն այն առաքինի ուսանողներից, որոնք մեղրագինին խմում էին ձիու պես, բռնցքակռվի մեջ առյուծ էին, զվարճանում էին ինչպես ազատ թռչուն, բայց և գիտեին եզի նման չարքաշ աշխատել։

Մոտենում էին քննությունները և մի շաբաթ էր, որ Դրիշը ձեղունահարկում, ուր լույսն ընկնում էր կտուրի մեջ բացված կլոր պատուհանից,− սերտում էր anatomia regionum...

...Այն, ինչ որ Մատիլդայի աչքին երևաց, որպես զարհուրելի ուրվական, մարդու կմախք էր՝ ոչ բոլոր ոսկորներով, որ հավաքել էր Օտտոկար Դրիշը սուրբ Մարիամի մատուռի մոտ, այնտեղ, ուր Ալեքսանդր 1-ը հողին էր հանձնել «ոսկորները զանազան ժողովուրդների»։ Եվ որովհետև պակասում էին մի քանի կողոսկրներ, ուստի Դրիշն իր մարմնի վրա ածուխով նկարել էր այդ ոսկորները:

Իսկ մնացածը՝ ինչ տեսել էր Մատիլդան, իրական էր։ Օտտոկարը իր բերետը հագցրել էր գանգին և ծխամորճը կոխել էր նրա բերանի խոռոչը և ոչ միայն արտասանում էր հարյուրավոր ոսկորների անունները և սուսերով ցույց էր տալիս ոսկորը, այլև կմախքի հետ բարձրաձայն խոսում էր.

− Օ, maxill superior (և սուսերի ծայրով դիպչում էր վերի կզակին), որը տիկին Աշինգերին նմանեցնում է զառամյալ կապիկի, նաև դուք vertebrae collus որ թաղվել եք նրա ճարպի մեջ... Ապա այս նիհար costae-ները (և սուսերի ծայրը ցատկտում էր կրծքի վանդակի ոսկորների վրայով և ոսկորները ստեղների նման ձայն էին հանում), այս ոսկորե վանդակի մեջ, ով անհայտ homo sapiens, քո սիրտը արդյոք ըմբոստացե՞լ է երբևիցե, բաբախե՞լ է մի վսեմ նպատակի համար, թե եղել է հում մսագունդ։

Օտտոկար Դրիշը այդպես էր ուսանում ոսկրաբանությունը և ոսկորների հետ խոսում էր այնպիսի քնքշությամբ, որպիսին ոչ ոք չի խոսել սիրած կնոջ հետ։

Նկատելով անծանոթ աղջկա հանկարծակի աներևութանալը և լսելով