Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/628

Այս էջը հաստատված է

նրա ճիչը, նաև աղմուկը պատշգամբի վրա,– Օտտոկարը շտապ հագնվեց և իջավ ներքև այն ժամանակ, երբ բոլորը լուռ նայում էին կողովագործին, իսկ նա նայում էր կողովների կույտին, մտածելով, որ իզուր կորչում է ժամանակը և այսօր հազիվ թե վաճառի երկու կողով:

Սանդուղքի վրա տեսնելով Օտտոկարին, կողովագործը բարևեց նրան և հանդարտ ասաց.

− Լավ կատակ չեք անում, պարոն ուսանող...

Եվ իջավ բակը՝ դարբասը բաց անելու։

− Ի՞նչ է պատահել,− Օտտոկարը սիրալիր նայեց Մատիլդային, զգալով, որ դուռն այդ աղջիկը բացեց։ Մատիլդան հարդարեց մազերը և գոգնոցը, նույնիսկ թեթև շիկնեց։ Նա աչքերը գետին խոնարհեց։ Այնքան անմեղություն կար նրա դեմքին, որ Օտտոկարը խղճահարվեց։

− Ձեզ երևի վախեցրեց կմախքը և իմ անհամեստ տեսքը։ Ներեցեք ինձ...

Մատիլդան թաքցրեց ժպիտը։ Տիկին Աշինգերը ակնհայտ դժգոհ էր այդպիսի վախճանից։ Նա սպասում էր, որ Մատիլդան նախահարձակ լինի, ապա կխառնվի կողովագործի կինը և ապա ինքը մի անգամից կթափի կուտակված մաղձը։

Բայց այդպես չեղավ։ Մատիլդան ամոթխած ասաց.

– Ես բարձրացա տեղեկանալու Արմենիերի մասին և հանկարծ, աստված իմ։

Այդ ժամանակ դարբասով ներս մտավ մահուդավաճառի կինը, նրա հետևից վարսավիրի կինը, ապա մի կին, որի ամուսինը ոչ մահուդավաճառ էր և ոչ վարսավիր, այլ վաղուց խեղդվել էր ջրում, նաև չորրորդը, որ կին չէր, այլ ձկնորս էր և ապա հինգերորդը՝ ընկնավոր Վասիլիսան և երբ վեցերորդը երևաց, որը հայտնի չէ, թե ինչու ներս մտավ ճիլոպը գլխին գցած,– կողովագործի կինը իսկույն նկատեց բացակայումը իր երկրորդ տղայի և հասկացավ, որ նա էր փողոցում հրդեհ գցել։ Կինը դուրս գնաց, գնաց և Մատիլդան, պատշգամբի վրա թողնելով տիկին Աշինգերին, որը հետզհետե բորբոքվելով հանկարծ ժայթքեց։

Օտտոկարը մի պահ նայեց բազմության, ապա վեր բարձրացավ և քիչ հետո վերևից կախվեց կմախքը, գանգի վրա կանաչ բերետը, ծնոտների մեջ ծխամորճը և ձեռքին՝ պիստոլետ։ Կանայք վախից ճչացին և դարձրին երեսները, իսկ որոնք երիտասարդ էին, գոգնոցները քաշեցին դեմքներին և այդպես փախան։ Միայն ձկնորսը, որ կին չէր, այլ պառավ տղամարդ, ծխամորճը բերանից հանեց և թքեց։

Ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում այդ ձկնորսը հետո պատմում էր, որ իբր թե կմախքից կախված է եղել նաև հոլլանդական երշիկ և այնպես է կախված եղել, որ ձկնորսը ամաչել է պատմել։