Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/63

Այս էջը հաստատված է

ծածկվում էին ցերեկով մարագներում, մոտակա սարն էին փախչում, երբ լսում էին, թե մարդ է գալու գյուղ ժողովի, նոր զորքի։

Աշուն էր, երբ լուր բերին, թե մոտակա շրջանում հայ, թուրք խառնվել են իրար, գյուղեր են կրակում, երկուստեք խմբերը դարձել են հրձիգներ վայրագ, արյունն են ոթում արանքում գյուղերի։

Գյուղում զենքը մահակից շատացավ։ Գնդացիրներ կային, խոսում էին թնդանոթի մասին։ Երեխաները զենքից էին խոսում, հատ ու կենտ կրակոցները սովորական էին դարձել։

Զենքի հետ կողոպուտն էլ շատացավ։ Գյուղում ապահով չէր։ Քնելուց առաջ տան դռների կապերը ավելի էին պնդացնում։ Գողություն կար այգիներում, գյուղը հին հաշիվներ էր մաքրում և հրկիզում հարևանի արտը, տասը տարի սրտում պահած վրեժը հանում։

Համարյա ամեն իրիկուն դիրքապահներ էին շրջում գյուղի չորս կողմ։ Նոր մարդիկ էին եկել խմբապետ, վաշտապետ, որոնք լավ սենյակներում էին ապրում, յուղ ու հավ պահանջում, հեռանում գյուղից մի քանի օրով և թալանով վերադառնում։

Գյուղը կծկվել էր, վախից կուչ եկել։ Բայց և կերուխում կար հարուստ տներում, ուր հրամանատարը հարբած կրակում էր տասնոցից պատուհանից դուրս, օդի մեջ։ Սոսկում էին ազդում գյուղի վրա գնդակները՝ թեժ արճիճ, որ վզզում էին ձմռան ցուրտ օդում։ Կես քուն, կես արթուն գյուղը հսկումի մեջ էր, մինչև լուսաբաց ականջը ահազանգի պատրաստ։

Տավարն էր, որ տաք գոմերում փնչոցով որոճում էր առաջվա պես, ծծկեր մանուկներն էին, որոնք անգետ, անբան մուշ-մուշ քնում էին օրորոցի տաք բարուրների մեջ։

Պետին գյուղի գործերին չէր խառնվում։ Ժողով չէր գնում, հարցնող չկար, մարդատեղ չէին դնում։ Առաջվա պես գոմերում էր գիշերում, տավարի հետ, կամ մարագի դարմանի մեջ։

Շնչագրում էին գյուղը, ցուցակներ կազմում, տասնյակների բաժանում։ Եվ ամեն անգամ, երբ գյուղացիք հարցնում էին, թե էլ ով մնաց ցուցակ մտցնելու, մեկը հանաքով պիտի ասեր.

− Բա Պետին։

Մյուսները պիտի ծիծաղեին, ջահելները սրախոսեին, թե Պետին լավ թնդանոթ կնետի կամ հրաման կտա, և մեկն ու մեկն էլ հանկարծ, խոսքի մեջ պիտի ասեր.

− Հանաքը դեն, Պետին աչքիս շատ ա այլակերպ։

Պետին այլակերպ էր դարձել։ Նա քաշվել էր, կծկվել, շատ քիչ էր