Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/631

Այս էջը հաստատված է

Բայց և այնպես այս եռանկյունին մի քիչ ծուռ է, այնպես չէ՞, իսկ այս գիծը ավելորդ է, հավատացնում եմ, որ առանց այս գծի էլ կարելի է ապացուցել, որ ճշմարիտ էր ծերունի Պյութագորասը...»։ Սակայն պրոֆեսորն ուշանում էր և Մատիլդան չկար։ «Լա՞վ է ինձ հետ», և տիկին Էլոիզը այնպես էր նայում, Արմենիերը պատասխանում էր այնպիսի հայացքով, որ երկուսն էլ հասկանում էին, թե այդպես շատ լավ է և այդպես կարելի է ապրել նույնիսկ եղեգնյա վրանի տակ, մի հեռավոր լճակի ափին, որտեղ ուրիշ ոչ ոք չկա և աշխարհում ոչ ոք չկա, այլ միայն ծառեր կան, որ աղմկում են, որպեսզի քաղցր լինի շշնջալը և քամին շաչում է, որ ցուրտ լինի, և ջերմությունը մնա միայն նրանց գրկի մեջ և իրար գրկած լսեն, թե ինչպես ջրհորդանի մեջ երգում է անձրևը:

Պատուհանը ծեծեցին։ Տիկին Էլոիզը վեր թռավ։ Արմենիերը դուռը բացեց։ Նախասենյակի կիսամութի մեջ նա նշմարեց Մատիլդային, որ հևիհև ներս մտավ։

− Ինչ անձրև է, աստված իմ,− Մատիլդան սենյակի շեմքում կանգնեց։

Նրա դեմքը կարմրել էր։ Անձրևը քրքրել էր աղջկա մազերը և զգեստն այնպես էր փակցրել մարմնին, որ գծագրվում էին մարմնի բոլոր մասերը։ Կարծես մարմարե արձան էր, որին հագցրել էին մարմարե զգեստ և անձրևն ավելի էր գեղեցկացրել աղջկա մարմինը։ Տիկին Էլոիզը նախանձով նայեց այդ պարզ և երիտասարդ գեղեցկության։ Արմենիերին նկատելով Մատիլդան շփոթվեց.

− Իսկ ես կարծեցի, թե դուռը պարոն պրոֆեսորը բաց արեց... Բարի երեկո։ Ինչպիսի՜ անձրև է...

− Մատիլդա, գնա և շորերդ փոխի...

Աղջկա մուտքի հետ կարծես ընկավ մի ինչ-որ շղարշ և ամեն ինչ մերկացավ։ Արմենիերը նայեց տիկին Էլոիզին: Նրա աչքին նիհար և գունատ երևաց տիկին Էլոիզը։ Առաջին անգամ նա նկատեց նրա երկար մատները։ Նրանք չոր էին և ոսկրոտ։ Ինչո՞ւ է նա այդպես գլուխը թեքել և ձեռները հուսահատ դրել է ծնկների վրա։

− Իսկ ինչպե՞ս պիտի գա պարոն պրոֆեսորը,− խոհանոցից ասաց Մատիլդան և երևաց քաթանե զգեստով, որի մեջ նա նման էր գյուղական աղջկա։

Արմենիերն ամոթ զգաց։ Նրա արևելցու գիտակցության մեջ պատահածը հանկարծ թվաց նամարդ գործ։ Դիմացը կանգնեց բարի պրոֆեսորը, որ ահա ով գիտե ինչ դժվարությամբ խավար փողոցներով տուն է գալիս և թրջվում է շտապելով, որ հարցնի նրա դասը։ Իսկ ինքը...