Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/632

Այս էջը հաստատված է

Արմենիերը նայեց Մատիլդային և կարծես աղջիկը ևս հանդիմանում էր նրան.

− Լավ չէ, պարոն Արմենիեր... Ձեզ այնքան է սիրում պարոն պրոֆեսորը, նաև իմ տիրուհին է սիրում, բայց դուք... Ահա վշտացրել եք իմ տիրուհուն և նա լուռ է. կգա պարոն պրոֆեսորը և նա էլ շատ կվշտանա, որովհետև նա շատ է սիրում տիկին Էլոիզին, շատ է սիրում, բայց դուք...

Հետզհետե այդ գիտակցությունը սաստկացավ։ Նա նույնիսկ վախ զգաց, ինչպես միամիտ տղան, որ խաղ է արել և խաղի ժամանակ փշրել է մի թանկագին սկիհ և խաղով տարված դեռևս չի զգում, թե ինչ է փշրել և թե որքան նվիրական էր այդ անոթը մոր համար։ Բայց ահա զգաց, նկատելով բեկորները... Զգաց և խաղը վերջացնելով ուզում է իրար միացնել բեկորները, բայց մատները դողդողում են և չեն միանում բեկորները...

− Մատիլդա, կրակ արա... Ցուրտ է,− տիկին Էլոիզը շալը փաթաթեց ուսերին: Շալը ծածկեց ժապավենի կարմիր փնջերը և ուլունքի շարը:

Արմենիերը հավաքեց տետրերը և քարետախտակը։

− Դուք արդեն գնո՞ւմ եք,− և տիկինը նրան նայեց համր աղերսանքով։

– Ուշ է։

− Սպասեիք մինչև անձրևը դադարեր։

− Տաք անձրև է,− և նա տրորեց գլխարկի եզրը,– կարո՞ղ եմ խնդրել այս գիրքը...

Երբ Մատիլդան մոմը բռնած բաց արեց դուռը, քամու ալիքը ներս խուժեց և անձրևի կաթիլները թրջեցին տիկին Էլոիզի դեմքը։ Մոմի լույսով նա խավարի մեջ միայն մի ակնթարթ տեսավ Արմենիերի սիլուետը և այլևս ոչինչ չերևաց։

...Գիշերը չէր քնել և ընթերցել էր «Վերթերը»... Նրա գրգռված երևակայության մեջ իրականը և այդ գիրքը, և հիշողությունները խառնվել էին: Երբեմն աչքին երևում էր տիկին Էլոիզը, երբեմն այդ գրքի կինը՝ Շարլոտան նրան պատկերանում էր տեսիլքի նման, ինչպես այն կինը, որ ձյունափոշու մեջ ձեռքով արեց և սահնակով սլացավ։

Երբ ծառերն աղմկում էին, նրանց կատարներն իրարից հեռանալով բաց էին անում երկնքի կապույտ շերտը։ Արտևանունքների միջից նա վեր էր նայում և թվում էր, թե ծառերի բարձր ճյուղերը ճոճվում են ջինջ կապույտի մեջ։ Խոտերը սվսվում էին։ Խշխշան շորերով մի կին ման էր գալիս ծառերի արանքում և երբ հանդարտվում էր քամին, այդ կինը