Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/633

Այս էջը հաստատված է

թաքնվում էր մթին ավերակում: Երբեմն պատահածը նրան երազ էր թվում, մեկը այն շողշողուն երազներից, որոնցով նա զարդարել էր իր աղքատ պատանեկությունը։ Եվ միտն էր գալիս Հաղպատի վանքը, ժամերգությունն ուխտի օրերին...

Նիհար, դեղնած երեսով մի պատանի դպիր, որի ուրարը փաթաթվում է ոտքերին, նիհար դպիրը խնկարկում է ուխտավորներին: Բուրվառից թռնում են ածուխի կայծեր և խունկի ծուխի հետ բարձրանում է բորբոսնահոտ, որից գլուխը պտտվում է։ Ծոմ է և ոտքերը քաղցից դողում են... Արդեն երեք անգամ խնկարկել է սրբոց պատկերներին և խորանին, և քարե ավազանին, խոնարհելով խնկարկել է նաև եկեղեցական դասում՝ Անտոն եպիսկոպոսին, որ փափուկ բարձերի վրա չոքած ննջում էր, խուլ Հովհաննես վարդապետին, որ խոժոռ է նայում երիտասարդ դպիրին և փնթփնթում է, որ դպիրը չի թեժացրել կրակը և կայծերը ճայթում են, գրավելով ուխտավորների և ժամասացների ուշադրությունը,− ահա արդեն խնկարկել է նաև աշխարհական դասում Լոռվա մելիք Փարսադանյանին, որ չուխայի թևերը վեր քշտած ձեռքերը կոխել է արծաթակուռ գոտու մեջ, գոտի, որ ահագին ծանրություն ունի և, որի մեջտեղից բարակ շղթաներով կախված են ոսկեզօծ գնդեր։ Նա արդեն խնկարկել է մյուս տղամարդկանց, որոնց բրդոտ փափախները և բռի արտաքինը կիսախավարի մեջ հիշեցնում են քարափի ցից քարերը, նաև ինչ-որ կոճղեր և ցցաչորի, երբ անտառում աղջամուղջ է։ Նա քաղց է զգում գլուխը պտտվում է։ Վերջին բուրվառն է բարձրացնում դեպի վերնատան տախտակամածը, որտեղ շար են ընկել կանայք։ Վանքի նեղ լուսամուտից հանկարծ ներս է ընկնում արևի շողը։ Խունկի ծուխը ոլորվում է շողի վրայով։ Արևի շողով ցոլանում է այն լոռեցի աղջկա երեսը։ Նա գլուխը փաթաթել է ծաղկավոր աղլուխով և վերնատան մահաջառի մոտ կանգնած նայում է երիտասարդ դպիրին։ Բուրվառի ծուխը շղարշում է նրա դալար մարմինը, աղջիկը կարմրում և ցած է խոնարհում աչքերը, զգալով, որ իրեն երկար է նայում դպիրը։

Այդ աղջիկը երկու անգամ էլ ուխտ եկավ Հաղպատ և այլևս չերևաց։ Հետո, Համբարձման տոնին, երբ ուխտավորներն աղբյուրի մոտ քեֆ էին անում, իսկ հարս ու աղջիկ ընկուզենու ճյուղից կախել էին ճոճքը և զվարթ կանչերով ճոճվում էին անդունդի վրա, նա տեսավ մի նորահարսի, որի լաջվարդ զգեստը փռփռում էր քամուց, ընկուզենու ճյուղը ճռռում էր, երբ հարսը թափով բարձրանում էր ընկուզենուց էլ վեր և բարձրերում կանչում էր արտույտի նման։ Երիտասարդ դպիրը ճանաչեց այն աչքերը, որ մի անգամ ամոթխած խոնարհվել էին։