Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/636

Այս էջը հաստատված է

Մոտեցավ նրանց: Այդպիսի դիմագծեր նա իր կյանքում չէր տեսել։ Ռուսներ չէին... Մի նիհար մարդ խմբից անջատվեց և նրան ռուսերեն հարցրեց. «Դու՞ք եք հերր դիակոնուս Աբովյանը...»։ «Այո, ես Խաչատուր դպիրն եմ, գրագիր դիվանատան և թարգման»։ «Ձեր ուսուցիչը՝ հայր Ալեմդարը, Թիֆլիսում մեզ ասաց, որ վանքում միայն դուք կարող եք թարգման և ուղեկից լինել մեզ։ Ես պրոֆեսոր Պարրոտն եմ...»։ «Էս ղարիբականներին տար աթոռակալ սրբազանի կուշտը, տես ինչ կասի... Կարող են զիանլու մարդիկ լինեն, մղայիթ կաց»։ Պարրոտը նայում էր մեկ դպիրին, մեկ եպիսկոպոսին և ոչինչ չէր հասկանում։ Ձեթի ամանը դրեց նարդիվանի վրա և նրանց աոաջնորդեց Ծաղկավոր էյվանի հայաթը։

Շոգ էր։ Արևը այրում էր։ Նա գրատը քաշեց քարի ստվերը և կողքի վրա դարձավ։ Շորի մեջ փաթաթած գիրքը դրեց գլխատակին... Քունը հաղթում էր։ Մտքի մեջ հարավային դարբասն էր։ Ամառվա շոգ ցերեկը, երբ վանքի բակում օքմին չէր երևում, թվանքչի Թումասը մեկնվում էր դարբասի ստվերում։ Նա ասում էր, թե դարբասի տակով զլզլան հով էր փչում... Էլոիզը երեկոյան ինչքան նման էր իր պատկերին։ Երիտասարդ, բոլորովին երիտասարդ աղջիկ էր, երբ պռոշները կարմրել էին. ուսը շափաղ էր տալիս, սպիտակ ուսը... Գնում են՝ ինքը և աղջիկը... Թվանքչի Թումասը դուռը բա՞ց կանի, թե՞ ոչ։ Դուռն ինքն իրեն բացվում է և փակվում։ Բոլորովին մենակ կանգնել է վանքի բակում։ Աղջիկը չկա... Բայց ո՛չ վանքն է երևում, ո՛չ խցերը, ո՛չ Ղազարապետը։ Մացառներ են, վայրի խոտ և ուղտափուշ... Այնպես են խճճվել, կարծես երբեք արորի խոփը չի առել այդ հողը։ Մի բարակ ճանապարհ է նշմարում խոտերի մեջ... Գնում է ճանապարհով, օձ է երևում՝ կանգնում է։ Մի ձայն ասում է. «Խաչատուր, վանքի քանքանի օձերն են, մի վախի,..»։ Գնում է նեղ արահետով, լափռի փշեր են՝ վրան սև թրթուրներ... Թրթուրի բարակ ոստայնի թելով կախվում է մի կարմիր կարիճ։ Վախեցած առաջ է վազում, ինքն իրեն հարցնոմ. «Կարիճը մի՞թե կբարձրանա ծառը...»։ Ետ է նայում՝ կարիճը գալիս է, ոնց է գալիս, պոչը մեջքի վրա պահած վազում է, ինչպես բրդոտ շունը... Բողարն է... Բողար, անիրավ, էս որտեղի՞ց... Այլևս արահետը չկա, այլ կանաչ բլուր է, գագաթին մի քար։ Բարձրանում է քարի վրա, ուզում է տեսնել, թե ու՞ր է վերջը մացառուտի, չորս կողմը մարդու հետք չկա, ու՞ր է ընկել ինքը... Կանգնել է ոչ թե քարի վրա, այլ մի ավերակ եկեղեցու բեմի վրա։ Ո՛չ զարկ կա, ո՛չ ջահ, ո՛չ վարագույր... Եկեղեցին սյուներ չունի և գմբեթ չունի: Բաց դռնից նայում է դուրս։ Հանկարծ թփերը շարժվում են, խոտերն օրորվում են։ Եվ մեկ-մեկ թփերի արանքից, խոտերի միջից դուրս են գալիս երեխաներ