Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/638

Այս էջը հաստատված է

Արմենիերն արագ իջավ, ցատկեց նավակը և միայն այդ ժամանակ նկատեց մի փոքրիկ աղջկա, որ անշարժ նստել էր նավավարի դիմաց։ Արևը ողողել էր նրան՝ մուգ-դեղին մազերից մինչև բոբիկ ոտքերը։ Առաջին հայացքից փոքրիկ աղջիկը թվաց դեղնամոմից սարքած տիկնիկ, որ չի թարթում աչքերը, չի խոսում, այլ միայն նստում է՝ ձեռքերն անշարժ։ Սակայն աղջիկն աչքերը թարթեց և միամիտ անմեղությամբ նայեց պղտոր ջրին, որի երեսին լողում էին տերևներ և չոր ճյուղեր, որ ո՜վ գիտե ինչ դաշտերից հավաքել էր գիշերվա հեղեղը։

− Աղջիկս է,− ասաց նավավարը, որսալով նրա ուշադիր հայացքը.– հիվանդ է, պարոն... Ասում են արևը և գետի զովը նրան օգտակար է։

− Իսկ ինչո՞վ է հիվանդ։

− Չգիտեմ... Այսպես մոմի նման հալվում է, հալվում է և մի օր էլ... Ի՞նչ ասեմ։ Չորրորդ երեխաս է, պարոն...

− Եվ չորսն էլ այսպե՞ս են։

− Չորսից երեքն այսպես էին և հիմա չկան։ Սա չորրորդն է։− Հայրական այնպիսի քնքշանք կար նրա դեմքին,− ասում են, որ պետք է լավ սնել, կաթ և յուղ և ձու տալ: Իսկ ո՞վ է մեզ տվել կաթ և յուղ և ձու... Ահա իմ ամբողջ օրվա աշխատանքը,− և նա ոտքով հրեց ուռկանի կույտը, որի տակ, նավակի հատակին, թարմ ձկներ էին,− այս էլ դժվար է... Հիմա ձուկը սիրում է ծանծաղ ափ, որտեղ և արև կա, և խոտ։ Իսկ ծանծաղ ափերը մերը չեն...

− Հապա ու՞մն են։

− Պարոններինն են... Այ տեսնու՞մ ես այն կաղնին։ Նրանից այն կողմ բարոն Կելենբախի հողերն են։ Ե՛վ գետն է նրանը, և՛ ձուկը, և՛ հողը, և՛ անտառը, և մարդիկ էլ նրանն են... Իսկ ի՜նչ ձուկ կա, ի՜նչ ձուկ կա,− նա լռեց, հասկացնելով, որ այնտեղ շատ լավ ձուկ կա,− ձուկն էլ գիտի, թե որտեղ է ապահով։ Այս կողմերում այնքան սոված մարդիկ են շրջում... Եվ ձուկը մեր կողմերով խորքով է գնում և այնպես զգույշ է՛, որ չես բռնի։ Իսկ այնտեղ՝ այնտեղ ուրիշ բան է։ Կարող ես ձեոքով էլ հանել, ինչպես թե տակառից հանես։ Այդպես է։ Աստված այդպես է բաժանել. լավ հողերը և դաշտերը տվել է պարոններին, անտառներն արջերին է տվել, իսկ մեզ... Այ թե ինչ է տվել,– և նա թիակը թողնելով օդի մեջ, ձեռքով կիսաշրջան գծեց։ Նա պղտոր գ՞տն էր ցույց տալիս, գետի աղքատ ափե՞րը, դիմացը նստած հիվանդ աղջկա՞ն, թե՞ այդ ամենի հետ միասին նաև իր ցնցոտիները։

− Իսկ մեզ մոտ այդպես չէ... Այնտեղ ամեն մարդ կարող է ուզած ջրում ձուկ բռնել։