Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/639

Այս էջը հաստատված է

− Ո՞րտեղ ձեզ մոտ։

− Հայերի երկրում։

Նավավարն այդպիսի երկրի անուն չէր լսել։ Եվ այդ նրան ճնշեց այնպես, ինչպես հասարակ մարդկանց ճնշում է խրթին բառը։

− Չեմ լսել և չեմ կարող ասել,− մռմռաց մարդը,– բայց կարող եմ ասել, որ ես էլ օտարական եմ և այս կողմերի մասին էլ ասում էին, թե ազատ երկիր է և ապրելը հեշտ է... Բայց այդպես չէ։ Աշխարհում որտեղ մի կուշտ կա, այնտեղ հարյուր քաղցած կա։ Ահա ես հիսուն տարեկան եմ և շատ աշխարհներ եմ տեսել, Մոսկվայի հրդեհն եմ տեսել, եղել եմ Բերեզինայի կռվում և նույնիսկ մինչև Պրուսիա քշել եմ ֆրանսիացիներին և երկու ձմեռ ձմեռել եմ Ստոչեկում... Կա այդպիսի տեղ Լեհաստանում։ Այնտեղ է, որտեղ ասում են պան Տվերնիցկին մերոնց լավ ջարդել է... Տոնավաճառի մի զինվոր պատմեց ինձ։ Նա էլ մեր կողմերից է և վիրավորվել է, բայց ոչ Ստոչեկում, այլ Կավրենիշկի մոտ... Եվ ահա,− բայց այդ խոսքին մի ուժեղ ալիք խփեց նավակին, ջուր ցայտերց և փոքրիկ աղջիկը վախից աչքերն արագ թարթեց,− վախեցա՞ր, Մարֆուշա,− աղջիկը թույլ ժպտաց։

Նավավարը լռեց, մոռանալով ասելիքը։ Նրա հայացքը պղտոր և մութ էր, ինչպես Էմբախը, որ անաղմուկ հոսում էր, լռության մեջ թաքցնելով մի ահավոր ուժ։ Նավակն էլ հնադարյան էր և նավավարն էլ քրքրված և թրջված զգեստով, նույնիսկ ուռկանի շատ հանգույցներ կապկպված էին զանազան թելերով,− բայց և այնպես թե՛ նավակը և թե՛ նավավարը դեռևս այնքան դիմացկուն էին, որ այդպես կարող էին լողալ թեկուզ մի դար։

Արմենիերը նայում էր աղջկան. «...Մոմի նման հալվում է, հալվում է և մեկ օր էլ...»։ Նրա մանկական ուսերն այնքան նիհար էին։ Աղջիկը բոբիկ ոտքերը մեկնել էր արևի տակ և չէր հագենում ջրին նայելուց։ Երբ երկու ալիք իրար էին զարնվում, նա ժպտում էր, ինչպես հիվանդ երեխան, որին մայրը մոտեցրել է պատուհանին և պատուհանից նա նայում է իր ընկերներին, որոնք բակի մեջ խաղում են շան լակոտի հետ։ «...Ճշմարիտ որ հալվում է... Եվ շուտով կհանգչի նրա ճրագը...»։

Նա մի ինչ-որ նմանություն տեսավ այդ աղջկա և Եղսան հոքիրի Մայրանի միջև. երկուսն էլ վտիտ էին, համարյա հասակակից, երկուսն էլ պատառոտված շորերով և ոտաբոբիկ։ Մայրանի հյուսերը սև էին, իսկ Մարֆուշան ուներ մուգ-դեղին մազեր։ Բայց երկուսի աչքերը նույնն էին արտահայտում: Կարծես այդ մանուկներն իրենց կյանքում տեսել էին մի ահավոր սարսափ, որ նրանց մինչև մահ պիտի հալածեր: