Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/641

Այս էջը հաստատված է

ձմեռել էր, կար մի գերի ֆրանսիացի։ Նրա մի ոտքը ցուրտը տարել էր և նա մեր գնդի խոհանոցում սպասավոր էր: Իսկ անունը Միշել էր, Միշկա, եթե մեր լեզվով ասենք... Մի գիշեր ես պահակատեղից վերադարձա խոհանոց, որ տաքանամ։ Տեսնեմ Միշկան կրակի առաջ նստել ծխում է։ Ծխում է և միտք է անում։ Իսկ թե ի՞նչ է միտք անում, հայտնի բան է, թե ինչ միտք կանի գերի զինվորը, որը չգիտե, թե ինչպես են տունը, երեխաները, արդյոք մեռե՞լ են, թե՞ դեռ հիշում են... Վերջապես։ Իրար ողջունեցինք և ես էլ սկսեցի ծխել: Խոհանոցում մեզնից բացի ոչ ոք չկար, այ ինչպես հիմա... Եվ այսպես էլ դիմաց-դիմաց նստած էինք: Ի՞նչ ասաց Միշկան։ Նա հառաչեց և ասաց. «Է, Վասիլի (այդպես են կոչում ինձ), հիմարացաք, դուք շատ հիմարացաք։ Ախր արդեն գրված պատրաստ էր մանիֆեստը։ Եվ նա պետք է ինքը կարդար Կրեմլի հրապարակում։ Իսկ դուք լսեցիք Կուտուզովին և թագավորին լսեցիք։ Գոնե սպասեիք մի տարի, ազատություն ստանայիք և հող ստանայիք և ապա մեզ խռկեիք»... Միշելն էլ այսպես ասաց և այս իսկական ճշմարտություն է, որ ոչ մի գրքում չի գրված։

Նա պատմում էր հմայիչ ձայնով։ Նրա խոսքերից ճառագում էր մի ջերմություն, որ հետզհետե գրավել էր Արմենիերին։ Նրա պարզ բառերի մեջ ինքը՝ իմաստուն ճշմարտությունն էր՝ արևի նման հստակ... Նա քաղցր էր պատմում, ինչպես Միրզամը ձմռան գիշերին պատմում էր Շարմաղ աղջկա և յոթ եղբոր հեքիաթը։

− Ճշմարիտ է և այն, որ հասել է ահեղ դատաստանի օրը։ Ամեն տեղ կռիվ է, պատերազմ։ Ժանտախտը, որ ուղղակի հնձում է... Ասում են, Տուլայի նահանգում գյուղացիները հրդեհել են իրենց տերերի ագարակները, որովհետև հայտնվել է մի սուրբ, որ քաղաքի հրապարակում երեք անգամ ասել է. «Հրդեհեցեք հարուստ տները և վաճառատները, որովհետև նեռը այնտեղ է բնակվում»։ Ինքը նահանգապետը հրամայել է սպանել խռովարարին, բայց ժողովուրդն սկսել է կրակի տալ խանութները և հարուստ տները... Իսկ Խերսոնի նահանգում, ասում են, ժողովուրդը փախել է ստեպները, փախել է թաթարների երկիրը և ամբողջ քաղաքում մնացել է միայն քաղաքապետը և նա էլ հրամանի է սպասում, թե ում հանձնի պաշտոնը։ Դոնի կազակները իրենց ատամանին գաղտնի ուղարկել են անգլիական թագավորի մոտ՝ «չենք ուզում այլևս հպատակ լինել ռուսաց թագավորին, այլ կամենում ենք քեզ ենթարկվել,..»։ Իսկ Վոլգայի կողմերում սով է. ժողովուրդն, ասում է, ամեն ինչ կերել է, ծառերի կեղևն է կերել և կավ է կերել, և հիմա բոլորը ճանապարհ են ընկել դեպի Մոսկվա, ամբողջ ժողովուրդը՝ ծերեր, երեխաներ, կանայք, աղջիկներ, ռուսներ, թաթարներ, ղալմխներ, բաշկիրներ, բոլորը,