Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/642

Այս էջը հաստատված է

բոլորը... Եվ գալիս են ասելու՝ կամ հող տվեք, հաց տվեք, կամ մենք մորեխի պես կոչնչացնենք ձեր քաղաքները։ Հապա, այսպես է... Թեև մենք գիրք չենք կարդում, բայց տեղյակ ենք աշխարհի բաներին: Պատահում է, որ տոնավաճառում ենք լսում, պատահում է, որ զինվորներից ենք լսում, իսկ անցած օրը, երբ ես Քարե կամուրջի տակ պարապ կանգնած էի, մոտեցան երկու լեհ ուսանող և կանչեցին ինձ։ Ես ասացի, որ իմ նավակը նրանց վայել չէ, որովհետև ես ալյուր էի տեղափոխել։ Նրանք զայրացան և համառեցին։ Այն ժամանակ ես նրանց տարա մինչև հին զորանոցները... Իսկ նրանք, տեսնելով, որ ռուս եմ, սկսեցին խոսել իրենց մայրենի լեզվով։ Ես թիավարում էի և լսում... Ես մինչև անգամ դանդաղ էի թիավարում, որովհետև շատ էի ուզում լսել նրանց խոսակցությունը։ Իսկ նրանք պատմում էին, որ պրուսացիք միացել են ռուսներին և ուրեմն լեհացիների բանը վատ կլինի, և որ իբրև թե պան Խլոպիցկին վիրավորվել է, բայց և մարշալ Դիբիչն է լավ կերել... Եվ ասում էին, թե այժմ մի ուրիշ գեներալ է գալիս և որ Դիբիչին կանչել են Պետերբուրգ, գլուխը կտրելու, որովհետև նրա պատճառով շատ ժողովուրդ է փչացել:

Արդեն երևացին ձկնորսների հյուղակները և այն ավերակ հողմաղացը, որ այդպես էլ պիտի մնար մինչև ինքն իրեն փտեր։ Նրանք հանդիպեցին մի քանի նավակների, որոնք վերադառնում էին քաղաքից։

− Վասյա, Վասի՛լի...− և մեկը ձեռքով արեց։

− Սատանա, դև... Առանց լակելու չի կարող,− մռմռաց նավավարը։

Շուտով երևաց «ռուսական ծայրամասը»։

− Այ, մայրիկը... Տես,– և աղջիկը ձեռքը մեկնեց,– մա՜...− թույլ ձայնով կանչեց նա։

Մոտեցան ափին։

− Գուցե ձեզ տանեի՞ մինչև Քարե կամուրջը,− առաջարկեց նավավարը։

Մի կին գրկեց աղջկան և նավակից հանեց։

Արմենիերը ոտքը դրեց ցամաքին։ Մայրն աղջկա հետ գնաց դեպի գետնափոր տնակը։

Նավավարը նավակը քաշում էր ցամաքի վրա։

Արմենիերը դատարկեց բոլոր գրպանները և ամաչելով մոտեցավ նրան։

− Շատ եք վճարում, պարոն...

− Ավելին չունեմ, որ վճարեմ,− ապա արագ հեռացավ։

Արվարձանի ցեխոտ փողոցներով նա գնում էր գլուխը կախ։ Նույն ճանապարհով նա տուն էր վերադառնում։ Այլևս չկար լուսարարի մշուշը։ Փողոցներում գորշ առօրյան էր... Ահա այստեղ նա զգաց թարմ հացի հոտը։ Բաց դռնակի մոտով նա անտարբեր անցավ։ Նրա գլխում ուրիշ մտքեր էին... Խշխշան շորերով այն կինը մնաց ծառերի մթին խորքում։ Նույնիսկ արևը այն չէր, որի տակ կողք-կողքի պառկել էր խլեզների զույգը և կարմիր զատիկները շղթայվել էին ձու դնելու մոլուցքով: