Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/645

Այս էջը հաստատված է

տեսնելը, սուրբ Բարսեղի 219-րդ հոդվածն արգելում է պսակադրելը՝ մինչև տղան հասնի յուր չափին և ճանաչի յուր հաճույքը։ Այդ բոլոր հոդվածները բերված են համոզելու, որ Մայրանը իրոք մանուկ էր և պատրաստ չէր ամուսնության։ Հոգևոր ատյանի օրագրության մեջ հիշատակված են Լևոն և Կոստանդիանոս բարեպաշտ թագավորները, Եզեկիել մարգարեն, Մխիթար Գոշի դատաստանագիրքը և Նիկիայի ժողովի վճիռները, կարծես ատենադպիրը կամեցել է փայլել եկեղեցական և արքունի օրենքների զարմանալի գիտությամբ։

Արդար ճանաչելով Մայրանին, հոգևոր ատյանը որոշում է թույլատրել նրանց նոր պսակադրությամբ կենակցելու միմյանց հետ, եթե կամենան, իսկ եթե ոչ՝ ազատ արձակել ամուսնանալու, որոնց հետ կամենան. Նիկողայոս Սուքիասովին ենթարկել եկեղեցական ապաշխարության երկու տարով՝ մյուս Մայրանի հետ ապօրինի կենակցելու և այդ շաղկապից երկու զավակ ունենալու համար, երկամյա ապաշխարության ենթարկել նաև մյուս Մայրանին, որ համարձակվել է ունենալ ամուսնական կապ Սուքիասովի հետ, գիտենալով առաջին Մայրանի կենդանությունը, իսկ պսակող քահանա տեր Մարգարին կարգալույծ անել, որովհետև նա տեղյակ էր Մայրանի անկատար հասակին։ Սակայն տեր Մարգարի մահվան պատճառով սույն վճիռը թողնվում է «աստծոյ կամքին»։ Նաև ապացուցված համարել Մայրանի մոր՝ այրի Եղսանի մեղավոր բռնադատությունը և նրա մահվան պատճառով պատիժը թողնել ոչ թե աստծո կամքին, այլ նրա ահեղ վրեժխնդրության։ Եվ որովհետև, համաձայն տերունական Կոճղ Օրինացի հոդված 43-ի (հատ. 10) պսակի լուծման գործերը ենթակա են Սյունհոդոսի անբեկանելի վճռահատության, ուստի Երևանի հայոց վիճակային ատյանը սույն վճիռը առանց ի կատար ածելու, մատուցանում է ի հաստատություն Սյունհոդոսին Էջմիածնի։

Ուրեմն Մայրանը դեռ պիտի մնար «օրինավոր կին» Սուքիասովի, որի արական զորությունից նա սարսափահար փախել էր մի ձմռան գիշեր, փախել էր ինչպես եղջերուն ահավոր վտանգից։ Նա պետք է դարձյալ լսեր անարգ նախատինքը, որ այն խավար դարում թափում էին ամուսնաթող և անպաշտպան կնոջ վրա։ Նա պիտի լռեր, եթե մի չար կին բամբասեր նրան և անվաներ անառակ լիրբ։ Կանայք դարձյալ պիտի խուսափեին նրանից, որովհետև այդ կապը կարատավորեր նրանց անունը։ Տղամարդիկ երես պիտի դարձնեին՝ բամբասանքի ահից։ Եվ, մինչև չէր լինի Սյունհոդոսի վճիռը՝ նա պիտի շղթայված մնար առաջին հարսնության առագաստի կայմին։

Այդպես էր այն դառն ժամանակ, որի մասին հայ ոմն Շամախի քաղաքից անստորագիր նամակով գանգատվել է իրեն՝ «երիցս երանեալ» Ներսես կաթողիկոսին, «դու գիտում ես ժամանակիս չարությունը, որ զուր տեղից մարդոց վնասում են... Ես մին օրեր անցրած շատ բան տեսած մարդ եմ, ահա հիմիկ իմ մխիթարությունս սուրբ եկեղեցին է, որ իմ հոգուս փրկությունը խնդրեմ, բայց որ տեսնում եմ էդ սուրբ տեղերն էլ պիղծ մարդերով ապականված, էն ժամանակ հուսահատվում եմ և վայ ինձ, չեմ իմանում որտեղ գնամ...»։