Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/649

Այս էջը հաստատված է

Միրզամը կմտածեր, որ հրաշքով ընկել է մի այլ քաղաք, որտեղ նույն խանձված մոխրապատերն են, նույն նայիդ քարերը, դռնակների նույն թաղբանդ կամարը, բայց չքացել է արևելյան քաղաքի շքեղությունը և այն մարդիկ, որոնք ծաղկած պարտեզներում վայելում էին այդ շքեղությունը։

Մի փողոցում դիմաց-դիմաց երկու չինարի սաղարթը խառնել էին իրար: Նրանք փողոցի վրա կապել էին կանաչ կամար և սարյակների ժիր երամը ճռվողում էր սաղարթի թանձրության մեջ: Պատի տակ սալ քար էր։ Նրանի՞ց էր, որ հազար-հազար մարդ նստել էր այդ քարի վրա, թե անձրևն ու քամին էին լվացել,— ստվերի մեջ քարը կապույտ ցոլք էր տալիս, ինչպես ջնարակած կավե անոթը։

Միրզամը նստեց քարի վրա։ Նա շատ լավ գիտեր այդ տեղը։ Պատի հետևը սեյիդ Էհսանի տունն էր, այն նշանավոր սեյիդի, որի անվան հետ կապված պատմությունները աշուղական երգերի նյութ դարձան: Սեյիդ Էհսանը Միրզամի հոր քիրվան էր։ Աշնանը, երբ նրանք վերադառնում էին ուխտից, մի գիշեր հյուր էին մնում այդ տանը։ Ամեն տարի նույնն էր ու թեև ուղղափառ մուսուլմանները նզովում էին այդ բարեկամությունը,— սեյիդ Էհսանը շարունակում էր այն,— յուրաքանչյուր տարի Միրզամի հորը պարգևելով նոր խալաթներ և նրանից ստանալով նույնքան և ավելի արժեքավոր ընծաներ։ Սեյիդն ուներ մի աղջիկ, անունը Ֆաթմա: Աշուղի երգը նրան անվանում է «դրախտային հավ և դաշտի շուշան»։ Միրզամն աղոտ հիշում էր աղջկա նշաձև աչքերը և սպիտակ ատամները, որոնք լույս էին տալիս թուխ երեսին։ Եվ ահա տեղի է ունենում մի սովորական դեպք, որով այնքան հարուստ էր սարդարների արևելքը։ Քոռ-Հուսեին խանը փախցնում է Ֆաթմային: Սեյիդ Էհսանը հնար չի գտնում հարեմից ազատելու Ֆաթմային։ Գալիս է մի դերվիշ և Սեյիդին սովորեցնում հմայելու գաղտնիքը։ Նրանք երկուսով դուրս են գալիս դաշտը, ուր կանայք խմբերով չանաքում էին բամբակը: Կախարդությամբ և ով գիտե ինչ կերպ դերվիշը կանանց աչքերի առաջ («առ աչոք տեսիլ», ինչպես նույն մարդու մասին գրել է ժամանակակից մի գրիչ) երևացնում է պղտոր գետ... կանայք բարձրացնում են փեշերը և սրունքները մերկ քայլում, իբրև թե անցնում են պղտոր ջրով։ Քաղաքում իրար են խառնվում և ամբոխը վազում է տեսնելու հրաշքը։

Մյուս օրը այդ անմեկնելի և խորհրդավոր ուժը դուրս է հանում սարդարի կանանց։ Ջավահիր ամարաթի ներսից ելնում են չքնաղ վրացուհիներ, խափշիկ կանայք, հայուհիներ՝ ցորնագույն մորթով, Լազստանից գերի առած աղջիկներ, չերքեզ կանայք և պարսիկ գեղեցկուհիներ,– մի խոսքով Քոռ-Հուսեին սարդարի ամբողջ հարեմը։ Սեյիդ