Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/654

Այս էջը հաստատված է

համոզվում, որ գորգերը հնացնելու ընդունված ձևն էր այդ՝ փռել արևի և անձրևի տակ, որպեսզի ավելի պայծառանան գույները: Հետաքրքիր է այս անհայտ ճանապարհորդի դիտողությունն այն մասին, որ Չարսու բազարում գողություն չկար և սինիների մեջ ոսկին թողնում էին խանութում և միայն մի գույնզգույն թել, որ կապում էին որմից որմ, ցույց էր տալիս խանութի տիրոջ բացակայությունը։

Իտալացի վանականի նկարագրությունը վերաբերում է 18-րդ դարի առաջին կեսի Երևանին։ Ու թեև անցել էր մի դար, այնուամենայնիվ մնում էին այդ անհուն հարստությունը վկայող բազմաթիվ կիսախարխուլ կրպակներ, որոնց մի մասն իսպառ քանդել էին ռուսները և աղյուսներն օգտագործել բերդի նոր զորանոցի համար։ Քառասնական թվականներին դեռ շատ բան էր մնում այդ երբեմնի շահաստանից։ Ճշմարիտ է, այլևս չէին զարկում շատրվանները, բայց Չարսու բազարի ներսը դեռ երևում էր այն բակը, որտեղ իջևանում էին քարավանները և օտարերկրյա վաճառականները։ Այդ բակի ներսն էին նաև առևտրական տների պահեստները, որոնց արտաքինը բոլորովին չէր մատնում գետնահարկ նկուղներում դարսած ահագին հարստությունը։ Անփոփոխ էին առևտրի կարգը և առևտրականների սովորությունները։ Շարք-շարք կրպակները կազմում էին միջանցքների լաբիրինթոս, ծածկված աղյուսների բարձր թաղանդով, որի կլոր լուսամուտներից արևը կախում էր ոսկե սյուներ։

Միջանցքներում լուսավորությունն ավելի չէր, քան ասիական բաղնիսում, և այդ անրջական լույսի մեջ օրորվում էին բարակիրան և դանդաղաքայլ պարսիկները. նրանք քայլում էին օրորալով, գլորում էին ոսկեհատ թազբեհները, կարծես զբոսնում էին մզկիթի բակում։ Խանութները ցուցանակ չունեին, ապրանքը կիսով չափ դուրսն էր և նրանց շողշողուն գույները զվարթացնում էին հին կամարների մռայլությունը։ Պատերից կախված էին զառ լաչակներ, վարդագույն աղլուխներ, ղալամքյար և եզերքը հաշյա կերպասներ, ղանավուզի և պարսկական թավիշի թոփերը կազմում էին բարձր սյուներ։ Կրպակների մի շարքում ոսկերիչներ էին, մյուսում վաճառում էին արծաթե կոճակներ, արմավե թասեր, ուլունքե քսակներ, պարանոցի մարջան, եբենոսյա սանրեր, յահուդ մատանիներ, սուրմա-դուգմա, կրծքի քորոցներ և օղեր, նաև այն յալդուզ ոսկիները, որով այն ժամանակ գեղեցկուհիները զարդարում էին իրենց լույս ճակատները։ Կային խանութներ, որտեղ կարելի էր տեսնել բոլոր տեսակի թրերը և դաշույնները, Դամասկոսի պողպատյա թրից, որի փղոսկրի կոթի վրա փորագրած էին տիրոջ բազուկը զորացնող աղոթքներ,− մինչև զարափափախ թարաքյամաների ահարկու խանչալը։