Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/656

Այս էջը հաստատված է

ինքն էր մատուցում մի բաժակ։ Նրանք անցնում էին մրգավաճառի խանութի մոտով և մի անհաղթահարելի ուժ նրանց մղում էր հաճելի նախունայի։ Եվ վերջապես պարապ ձանձրույթից նրանց բռունցքն իջնում էր մի համշարու վզակոթի և պարսիկ մշակն առանց բողոքի գետնից բարձրացնում էր գդակը, իսկ նրա շուրջը հնչում էր ստրկական քծնող քրքիջը։

Նրանք չէին մոտենում ո՛չ գորգավաճառի, ո՛չ ոսկերիչի և ո՛չ էլ ճոթեղենի խանութներին։ Այդ շարքերում ավելի հաճախ, մանավանդ ճաշից հետո, թափառում էին մանր չինովնիկները՝ ջերմախտից դեղնած ռուսներ, որոնց ով գիտե որ հանցանքի համար ներքին նահանգներից քշել էին «աշխարհի ծայրը»։ Վաճառականները նրանցից չէին վախենում, այնինչ «ռուս սալդաթները» քաշվում էին չինովնիկներից, որոնց ներկայությունը ոստիկաններին ստիպում էր ավելի հարգել օրենքի տառը։ Այդ չինովնիկներից ոմանք ունեին իրենց սիրած իրը՝ մի թանկարժեք գորգ կամ արծաթյա գավաթ և կամ պարսկական թուր։ Նրանք երազում էին գնել այդ իրը, որպես հիշատակ ասիական աշխարհից։ Սակայն չէր գալիս այդ երջանիկ օրը, որովհետև թղթախաղն ու գինին կլանում էին նրանց ռոճիկը։ Այնուամենայնիվ նրանք հույս ունեին, իսկ մինչ այդ երբեմն դիտելով բավականություն էին ստանում և կամ սև պղնձադրամով գնում էին պարսկական պարզ մի չիբուխ, դարձյալ որպես հիշատակ։ Չարսուի սովդաքյարները նրանցից այլ օգուտ էին ստանում։ Այդ կորած մարդիկ չնչին վարձով վաճառականներին ցույց էին տալիս օրենքը ոտնահարելու ամենադյուրին ձևը, երբեմն նրանց համար խնդրագրեր էին գրում և առհասարակ իրենք ևս աշխատում էին բարեկամություն պահպանել որևէ խանութպանի հետ՝ ավելի հեշտ ապրելու համար։

Վերջապես նրանցից ոմանք չարսու էին մտնում իրենց կանանց հետ: Նրանց հետ գալիս էին և այն կանայք, որոնք ըստ հին սովորության կրնկակոխ գնում էին զորամասերի հետևից, կազմելով բանակի անխուսափելի մասը, ինչպես այն մարկիտանտները, որոնք անհայտ է թե ինչ կերպ երևում էին դեռ ծխացող ռազմադաշտում՝ ասեղներով, հայելիներով և հազար մանրուքով: Ահա այդ կանայք, ինչպես և իրենց ամուսինների հետ եկող կանայք էին, որոնք, կարելի է ասել, կենդանացնում էին Չարսու բազարը, որի կամարները հազիվ թե մինչև ռուսների մուտքը տեսած լինեին որևէ կնոջ։ Նրանց բոլորին անվանում էին «մաթուշկա», երբեմն «հանըմ», ինչպես բոլոր ոստիկաններին՝ «սալդաթ»: Հին Չարսու բազարում օտարոտի և զարմանալի էին այդ կանանց զգեստները,