Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/659

Այս էջը հաստատված է

կիսավերակ այգիներում փոքրիկ տնակներ էին՝ հնձանների նման: Բարդիների արանքից նշմարվում էր Պողոս-Պետրոս եկեղեցին: Ճահճուտի մեջ նստել էին գոմեշները։ Ծխում էր այն բաղնիսը, որի ջրերը գալիս էին ճահճուտներից։

Միրզամն արդեն մոռացել էր Չարսուն, սեյիդ Էհսանի տան կապույտ քարը, իր սրտի մորմոքը՝ հին քաղաքի և նրա լիության հանդեպ, որ թռել էր, ինչպես Չարսուի սիրամարգը։ Նորից զարթնել էր Մայրանի հոգսը, այն, որ ճնշում էր նրան, սրտի արյունոտ այն խոցը։ Մի անբացատրելի վախ կաշկանդում էր նրան. թվում էր գնում է մի մութ անտառով, որտեղ հազար հարամի սպասում են ծառերի հետևը։

Գնում էր վախից և կասկածից խեղճացած, կարծես քաշում էին ահեղ դատաստանի։

4

Երևանի արքունի դպրոցի («նահանգային վարժարան») արտաքինը դաժան, և անհրապույր էր, ինչպես Նիկոլայ կայսեր կազարման։ Մի հարկանի քարե տան երկու թևերին ռուսների օրոք կառուցել էին ֆլիդելներ, որոնք դպրոցի շենքից անջատված էին ներսի բակով։ Թ՛ե ֆլիգելները և թե՛ դպրոցի շենքը շրջապատված էին հաստ պարսպով, որի վրա, ինչպես փայտե զինվորների տողան՝ երևում էին սուր ցցերը։ Այդ պարիսպը և ցցերի շարքը դպրոցը նմանեցնում էին նաև բանտի։ Դարի ոճն էր այդ, դպրոցը բանտ էր, երկուսը միասին՝ արքունի զորանոց՝ ծանր, մռայլ և ամենը unheimlich, ինչպես ասել էր Էմիլիա Լոոզեն՝ նահանգային վարժարանի տեսչի գերմանացի կինը, երբ ամուսինը նրան ցույց էր տվել իրենց բնակարանը՝ ներքևի ֆլիգելում։

Բոլոր պատերը դրսից ծեփած էին դեղնակարմիր կրաքարով, որ արևից կորցրել էր կարմիրը և նման էր վառած կավի։ Բայց ամենամռայլը՝ ծանր դարբասներն էին և պողպատե զինանիշները, որոնք ամրացված էին դարբասների ճակատին։ Երբ արևը խփում էր դարբասներին՝ զինանիշի երկգլխանի արծիվների ստվերը բաց պատուհանից ընկնում էր դասարանի ներսը։ Արծիվներն անցնում էին պատերի վրայով և երկյուղած աշակերտները չէին համարձակվում նրանց ձեռք տալ։ Իսկ Իվան Բոնդարչուկը՝ առաջին կլասի վայելչագրության դասատուն, ձգվում էր ճակատի, կարծես պատի վրայով անցնում էր իմպերատորի ստվերը։

Սովորաբար երկաթե դարբասները կողպ էին։ Անցուդարձը լինում էր այն փոքրիկ դռնակներով, որ բացվում էին հենց դարբասների մեջ: Աշակերտներից շատերը դպրոցի բակն էին մտնում կողքից, որտեղ պարիսպն ավելի ցածր էր և մի քանի տեղ փշրվել էին փայտե ցցերը։ Դպրոցի երեք կողմը անմարդաբնակ տարածություն էր։ Հետևի մասում