Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/660

Այս էջը հաստատված է

պարիսպը սահմանակից էր մի կիսավեր այգու։ Շրջապատի ամայությունն ավելի էր խստացնում շենքի մռայլությունը, մանավանդ ամառը, երբ աշակերտները ո՞վ գիտե որտեղ էին, իսկ դիմացի հատուկենտ մացառները և արևից խանձված խոտը ծածկվում էին փոշու ծանր շերտով։ Միայն կանաչ էր մի հին չինարի, որի կլոր ստվերում հանգստանում էին հիվանդ հորթերը և էշերը, որոնք խանձված խոտի համար ամառվա շոգին գալիս էին նույնիսկ Զորավորի թաղից։

Այդ ամայի տարածությունը, որ քաղաքի կամերալ մատյանում արձանագրված էր իբրև «ոչ ոքի չպատկանող անապատ առանց սահմանի»,− կենդանացնում էին ուղտերի քարավանները, որոնք Նախիջևանից բերում էին աղ և բրինձ, Օրդուբադից՝ չոր միրգ։ Ուղտապանները այդտեղ էին գիշերում և նրանց խարույկը բարձրանում էր մինչև չինարու ճյուղերը։ Ընթերցելով Անտոնիո Ջիովանելլու ուղեգրությունը, կարելի է կասկածել, թե արդյոք նրա նկարագրած ծառը այն չինարին չէ՞ր, որին խանձում էր խարույկի բոցը, մաշկում էին ուղտերը՝ իրենց կեռ պարանոցները քսելով նրան և բազմաթիվ կեղևակեր բզեզները ձմեռում էին նրա կեղևի տակ։ Երևանի արքունի դպրոցի գործերի մեջ դեռ մնում են գրություններ՝ ուղղված այդ չինարու դեմ։ Տեսուչ Լազարի Հաջի-Ֆոտիևը գրում է, որ այդ մենավոր ծառը աշակերտների մեջ առաջացնում է «թախիծ և հանցավոր ցրվածություն» («наводит уныние, а так же преступную рассеянность»), իսկ առաջին կլասի վերակացուն տեղեկացնում է տեսչին, որ աշակերտները գերադասում են դուրս փախչել դեպի չինարին, քան թե խաղալ դպրոցի բակում՝ ըստ դպրոցական կանոնադրության: Կա և գրագրությունների մի ամբողջ կապ, որ կոչվում է «գործ անտիրական ուղտի, որ հայտնվել է դպրոցի բակում անհայտ կերպով»։

* * *

Հետկեսօրյա ժամն էր։ Դասարանները դատարկ էին. դատարկ էր և դպրոցի բակը։ Վերի ֆլիգելից լսվում էր աղմկալի խռմփոց։ Իվան Բոնդարչուկը՝ առաջին կլասի դասատուն, խմել էր կես փարչ պղտոր գինի և ընկել մեջքի վրա։ Ջերմախտի «չար ոգուն» նա հալածում էր այդ ձևով, միաժամանակ և կարճելով երկար օրը։ Նրա ծառան՝ յասաուլ Ֆեդրոն, լիզել էր պնակները, խմել գինու մնացորդը և գլուխը կախ ձայնակցում էր տիրոջը՝ խռռացնելով նրանից ավելի սաստիկ: Նրանց երկուսի դիրքը, ինչպես և սենյակի խառնիխուռն իրերը հիշեցնում էին ռազմադաշտը, որտեղ Իվան Բոնդարչուկը կարծես խփվել էր մեջքից և միանգամից սառել, իսկ նրա թիկնապահը գրկել էր փշրված ոտքը և արդեն ավանդում էր վերջին շունչը: