Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/663

Այս էջը հաստատված է

Երբ նա լսեց իր կորած անունը, մի ինչ-որ բան պղտորվեց ներսը, կարծես մի ձայն կանչեց նրան հեռու արտերից և նա զգաց իրենց հողերի հոտը, իրենց տան հացի համը, լսեց իրենց Նարգիզի բառաչը և Զանգուի վշշոցը Քանաքեռի ձորում։

Ինչ-որ մկաններ դողում էին Միրզամի հոգնած դեմքին։ Դողդողում էին նաև ձեռքերը, որ ծերունին դրել էր գրասեղանի ծայրին: Նրան թվաց, թե փոքրացել է այդ սուրբ ծերունին, փոքրացել է ինչպես չորացող ծառը։ Ինչքան փոքր էր նրա դեղնած ձեռքը, որ դողում էր մրսող թռչունի նման։ Ապա անարատ ակնածությամբ նայեց նրա ալեհեր մազերին։

Իսկ Միրզամը հանդարտ ձայնով պատմում էր «գործի» քննությունը, նրա ընթացքը։ Մեծ պատմող էր ծերունին։ Շատ օտարականներ են վկայել նրա պատմելու արվեստը։ Բարոն Ավգուստ ֆոն Հաքստհաուզենը Միրզամի հեքիաթները հիշում էր նույնիսկ Պետերհոֆում. «Բարևեցեք նաև Հարություն բեյին,− գրում էր նա իր նամակի մեջ,– որի հեքիաթները մեծ զվարճություն պատճառեցին պալատական դքսուհիներին, որոնց հաղորդեցի ես մի անձրևոտ գիշեր, որքան իմ հիշողությունն ընդունակ էր դեպքերը շարադրելու այնպես հմուտ, ինչպես Ձեր Միրզամը»։

Նրա գլխով շատ դեպքեր էին անցել, որոնց նկարագրությունը նա, հետզհետե զարդարելով, դարձրել էր կիսաիրական առասպել։ Մայրանի «գործի» քննությունը ևս նա պատմում էր իբրև հին զրույց։ Պատմում էր, և ինչպես վարպետ պատմող, ընդհատում էր հետաքրքիր տեղում, սրբում էր ճակատը, երբեմն խառնում էր մանրամասնությունները և հանկարծ ինքն իրեն հարցնում.

− Որտե՞ղ մնացի... Հա՜, էն էի ասում, որ էդ խոսքի վրա աղբաթը խեր Վիրաբը թե՝ սրբազան հայր սուրբ, ամբողջ Քանաքեռի ջամահաթը աղաչանոք պաղատում է ազատություն անլեզու երեխի համար. վերև աստված, ներքևը՝ դու,− և Միրզամը պատմելու ժամանակ ևս երեսը դեպի վեր բարձրացրեց, ձեռքերը տարածելով։− Էն կողմից «Կոնսիստորի ղալամդանը» (այդպես էր հոգևոր ատյանի ատենադպրի ավելորդ անունը) մի խոսք ասաց տեր Մաթևոս վարդապետին, նա էլ նրան գլխով արեց։ Հա՛, էն էի ասում...

Միամիտ պարզությամբ Միրզամը կարծում էր, որ վճիռը փչացրել է «Կոնսիստորի ղալամդանի» գաղտնի խոսքը։ Ատենադպիրը երևանցի էր և հակառակ կողմի՝ Նիկողայոս Սուքիասովի հեռու ազգականը։ Այդ էր նրա կասկածի աղբյուրը։ Եթե չլիներ «ղալամդանի» ապօրինի միջամտությունը,