Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/664

Այս էջը հաստատված է

այն ժամանակ հոգևոր ատյանը վճիռը կսահմաներ ավելի կտրուկ և Մայրանը գերությունից կազատվեր։

− Վերջը, քեզ գլխացավանք չլինի, այ որդի, շատ չալիջ եկանք ես էլ, մեր օրհնած Վիրաբն էլ. էն եթիմն էլ արտասուքը աչքերին արզա արեց,− վերջաբանը եղավ էսպես, որպես քեզ պատմեցի։ Հիմա ինչ բանի գլուխ ես դնում, ինչ ճանապարհ ես շանց տալի, էդ էլ դու ասա։

«Որդին» նրա պատմությունից հետզհետե հուզվելով, սենյակում անհանգիստ քայլում էր։ Նա երբեմն մոտենում էր պատուհանին և պարսպի ցցերի արանքից նայում դուրս։

Նրանք գնացել էին այն բլուրով, որի վրա սպիտակին էր տալիս ճանապարհը։ Վաղո՜ւց, շատ վաղուց նա չէր տեսել Մայրանին։ Վերջին անգամ նա իրենց բակով անցավ իբրև ստվեր։ Ինքը կանգնել էր էյվանում, բարեկամները դիլիջանսի վրայից վերցնում էին նրա իրերը։ Էյվանից նա Էմիլիային ցույց էր տալիս իր հայրենի աշխարհը՝ մինչև կապույտ մշուշի մեջ երևացող Արարատի գագաթը, որի մասին նա նրան այնքան էր պատմել։ Երկու անգամ բակով անցավ մի բարակ կին՝ չարսավի մեջ։ Այդ կինը մոտեցավ նրանց, չարսավի տակից երևաց կնոջ մաշված ձեոքը, և կինը համբուրեց բարեկամի ձեռքը, որպես խոնարհ հարգանքի նշան։ Ապա անցավ բակով որպես ստվեր։ Իսկ նա չճանաչեց իր քեռու աղջկան, պատանեկության օրերի Մայրանին

− Ճանապա՜րհը, Միրզամ...− և գլուխը տարուբերեց.− էլ ճանապարհ չկա՜։ Չկա՛, Միրզամ...

Ծերունին տեղը ձգվեց։ Ինչպե՞ս թե ճանապարհ չկա. հապա Խաչերի անունը, նրան ճանաչող բազմաթիվ մեծամեծները, Հովհաննես եպիսկոպոս Սահառունին, որ երդվում էր նրա անունով, Սինոդի պրոկուրորը, վերջապես ինքը՝ Աշտարակեցին, Հայոց կաթողիկոսը, որ ճանաչում էր Աբով պապի ուսումնական ժառանգին, վանքի նապկին դպիր և այժմ «աղա սմատրիտել» Խաչատուրին, որի անունը հայտնի էր մինչև անգամ Պետերբուրգի շհարում:

Միրզամը պարծենում էր այդ կապերով: Նա և շոյում էր եղբորորդու ինքնասիրությունը:

− Դու որ չանես, էլ ո՞ւմ ոտն ընկնենք: Քո արինգ ա, Խաչեր... Դու որ Ղարիբ ղուրբանի համար, եզըդի յադի համար էդքան չալիշ ես գալի, բա մեր ջանին յարա կուզե՞ս: Ախր ջանի յարայից էլ բեթար է էս ցավը: Մի թուղթ գրի Բարսեղ արքեպիսկոպոսին, ես իմ ձեռոք տանեմ, աջը առնեմ, ասեմ՝ սրբազան, էսքան լավություն եմ արել էս