Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/665

Այս էջը հաստատված է

սուրբ օջախին, օր ծերության մուրազս անկատար մի անի։ Ի՞նչ պիտի ասի որ... Կանի, Խաչեր, կանի... Դու թուղթը գրի: Չէ՞ ախր մեղք է էն բառաչող եթիմը:

Միրզամը լռեց, նա վախեցավ, որ Խաչերը կդառնա և իր երեսովը կտա հանդիմանության և նախատինքի մուրը։ Եվ տեղը կուչ եկավ: Իսկ եղբորորդին Միրզամին չէր լսում։ Նա կշռադատում էր այն միակ ելքը, որ ցույց էր տալիս ծերունին։ Նրա համար իրոք որ դժվար էր այդ ճանապարհը։ Նա այդ ուղին բռնել էր շատ անգամ և միշտ նրա առաջ ցցվել էր հաստ պարիսպը և փակ դուռը։ Նա բախել էր այդ դուռը, և՛ աղերսել, և՛ արտասվել, և՛ հուսահատությունից զայրացել էր։ «Աբովյանն ասաց ինձ,− գրում է գերմանացի բանաստեղծը,− երբ նա ինձ ուղեկցում էր դեպի Էջմիածին, թե կարծեք նրա գլխին սառը ջուր էին մաղում, երբ նա ոտք էր դնում հին պարիսպներից ներս։ Այսպես մեծացավ նա լացի, աղոթքի և պահքի մեջ, մի վայրենի, ամեն ազնիվ բանի համար բթացած և անբնական հեշտությանց մեջ ապականված շրջապատում:

− Միրզա ամի, քանի անգամ գրեմ, քանի ասեմ... Աբիխը որ գնում էր Ամարաթ, դեռ էն ժամանակ խնդրեցի։ Դրանից առաջ վեհափառը Ջանիբեգովի միջոցով ինձ իմաց էր արել, որ Մայրանի արձակման թուղթը կտա։ Ո՞ւր է, տվե՞ց։ Խերոդինով Սոլոմոնի ոսկիները պիտի լինեին, որ Սինոդը չհասը հաս աներ։ Շամախեցի Բարխուդարը Թոմա Ղորղանովի ջեբերը լցրեց և էն քյորփա աղջկանը առավ։ Էս էլ քանի անգամ է, որ կոնսիստորը քննում է աստծո լույսի պես պարզ էս գործը: Ասում ես գրի. ախր ո՞ւմ գրեմ, ի՞նչ գրեմ...

− Այ որդի, դե խնդրելով կլինի, բա ո՞նց։ Մին էլ գրիր: Բա պտի գրես, որ ռահմի գան,− և նրան համոզելու որպես վերջին միջոց, Միրզամը ձայնին տխուր շեշտ տալով ասաց։− Նանիդ էլ թամբահ արեց, թե կմտնես Խաչատուրի մոտ, կասես, որ մի ճար անի։

− Նանի՞ն... Մաջալ չեմ գտնում, որ վերևանամ տուն։

Եվ նրա աչքի առաջ պատկերացավ կուչ եկած մայրը, միշտ ինչ-որ աշխատանքի՝ օջախի առաջ, տանը, գոմում, ցախատանը,− ոտքերին հին քոշեր, միշտ ինքն իրեն խոսելիս։ Ամեն ինչից դժգոհ այդ կինը կարծես դառնացել էր, որ մահը նրան մոռացել է։ Ահա պառավ նանին՝ սև խորշոմներով, մի քիչ անփույթ հագնված, ինչպես պառավները,− ավլում է բակը և անիծում հավերին, հորթերին, շանը, որ հետևում է պառավին, ինչպես ստվեր և սպասում է, որ պառավը լցնի լոռաջուրը:

− Էն էլ խեղճ է, Խաչեր... Ոտքերի սանջուն էլի բռնել է։ Առաջներս կիրակի է, ուզում ես ձին ուղարկեմ, արի: