Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/666

Այս էջը հաստատված է

− Հազար հոգս, հազար ցավ։ Կիրակի են թողնում։ Ինսպեկտորից հրաման կա, որ վեդոմոստները վերջացնեմ, ուղարկեմ։ Վերջացնեմ, կվերևանամ։

Մյուս սենյակից ներս մտավ Էմիլիան։ Նա ձեռքը մեկնեց Միրզամին։ Ծերունին բարևեց, ինչպես բարևում էին այդ ժամանակ՝ մատները հազիվ հպելով։

− Լա՞վ ես,− հարցրեց էմիլիան։ Այդ նրա իմացած հայերեն խոսքերից մեկն էր, որ գերմանուհին արտասանում էր ճիշտ։

Միրզամը ժպտաց։

− Ինչի՞ չես գալի դեպի մեզ։ Նանին քեզ համար փոխինձ ա մաղել...

Միրզամը և Խաչերը ծիծաղեցին։ Փոխինձի հետ կապված էր մի զվարճալի դեպք, որ այն օրից Քանաքեռում հիշում էին։ Երբ առաջին անգամ նրանք մտան Քանաքեռ, նանին հյուրերի համար խաշիլ եփեց: Չիմանալով ուտելու կերպը՝ Էմիլիան վառել էր շրթունքները և վեր կացել։

Գերմանուհին բնազդով զգաց, որ ծիծաղը իրեն է վերաբերում։ Նա ներս քաշվեց, ինչպես խխունջը և նորից անցավ ննջարանը: Միայն ամուսինը նկատեց նրա զուսպ դժգոհությունը։

Խոսակցությունը դարձավ ուրիշ նյութերի։ Միրզամը հաղորդեց, որ եղանակը չորային է, գիշերները կանաչը մրսում է: Գյուղացիները երկյուղ էին կրում երաշտից։ Այնինչ շատերը դեռ չէին վճարել «օդուն-փուլին» և ոչ էլ ցորենի տասանորդը։

− Էսպես որ գնա, շատերի ծուխը կհանգչի։ Հիմա որտեղի՞ց տան մի խալվար զագարակ, տասնութ խալվար ցորեն։ Էնպես տուն կա, որ կրակը տաս խանձահոտ չի լինի։ Ընկել են հետին չքավորության դուռը։ Մի շաբաթ առաջ քյոխվան ստացավ թազա խարջի պուբլիկացիան. էս սհաթին ասում է, ստիպմամբ խարջը հավաքի, տուր խազնեն։ Թագավորական ճանապարհի բեգյառն էլ մի կողմից։ Տասը թուման վեց մինալթուն էլ պիտի աթոռահաս տանք։ Մի խոսք, ամեն կողմից նեղությունը ժողովուրդին խեղդում է, չենք իմանում ոնց կլինի:

Նրա սիրտը ճմլվում էր, երբ նրան գանգատվում էին կոռ ու բեգյառի ծանրությունից։ Բայց դրանով էլ վերջանում էր նրա վերաբերմունքը։ Նման խոսակցություններ նա չէր սիրում, որովհետև ներքնապես զգում էր, որ անօգնական է նույնիսկ խորհուրդ տալու։ Սակայն նա ինքնասեր էր և չէր սիրում ուրիշներին ցույց տալ, որ ինքը չի կարող նույնիսկ խորհուրդ տալ։ Նա նրանցից չէր, որոնք չոր սառնությամբ անդամահատում են միջավայրը իբրև կենդանի մարմին, մերկացնում...