Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/69

Այս էջը հաստատված է

Ոմանք եկողների ձիերն էին տեղավորում, գարի տալիս և խոնարհաբար ռամկի խեղճությամբ ժպտում մեծավորի պահակի առաջ, նրան էլ լավություն անում, մտածելով, որ գուցե այդ էլ օգնի Ծիրանի տափի անվերջ վեճին։

Միրում էլ էին բարձր ձայնով կանչում, աղմկում։ Նրանք գիտեին, թե ինչ են ասել վերի գյուղում, հերքում էին «պլանի» պատմությունը, մեկը մոտենում էր, իր ճղած գլուխը ցույց տալիս, պատմում, թե ինչպես են Մրոցի գյուղացիք մահակով խփել, մյուսը՝ հարևաններին բոթելով երեխային էր առաջ հրում, բաց անում ոտքը և շատ կծած վերքերը ցույց տալիս։

Երեխան զարմացած և վախով նայում էր չինովնիկի պսպղուն կոճակներին, հայրը նրա ոտից պինդ բռնած բարձրացնում էր երեխային, որ «մեծավորը» ավելի լավ տեսնի։ Իսկ չինովնիկի աչքերը երեխայի ոտի սպիներից սահում էին գետնի գունավոր կարպետին և մտքում գին դնում կարպետին, կարպետը համեմատում Մրոցի խոստացած կաշառքի հետ։

Զարմանք էլ չէր, եթե մյուս օրը, Մրոցի աչքից անտես պահելու համար, Միրից մի քանի հոգի, գիշերվա կարպետը թաղիքի մեջ փաթաթած տանում էին քաղաք, չինովնիկի տունը։ Միրում էլ էին շշուկով ինքնատուրք նշանակում, կարպետի գինը տալիս տիրոջը, որ հարս ու աղջիկ ձմռան գիշերներին գունավոր թելերից մի նոր կարպետ գործեն և պատմեն հնօրյա չարքերից։

Եթե պատահեր, որ քաղաքից եկողը մյուս օրը համաձայնվեր անձամբ տեսնելու Ծիրանի տափը, համարյա ամբողջ Միրն էր գյուղից դուրս գալիս՝ որը ոտով, որը ձիով։ Գյուղի աչքաբաց ազդեցիկ մարդիկ «մեծավորի» ձիու սանձը բռնած դարձյալ Ծիրանի տափի մասին էին պատմում և նույն հոգով այդ պատմությունն անում․ ազդեցիկ մարդիկ՝ չինովնիկին, գյուղի գզիրը՝ նրա պահակին։

Անհնար էր, որ մեկը կոտրատած ռուսերենով Ծիրանի տափին հասնելիս «մեծավորին» չպատմեր մի հին խոսք, թե ինչպես մի հարուստ մի տգեղ կին է ունենում և մի սիրուն աղախին, ինչպես մի օր երկուսն էլ գնում են սարը՝ ոչխարը կթելու, խանի չոբանը կարծում է, թե սիրունն է խանի կինը և երբ խանը գալիս է, չոբանը ցույց է տալիս տգեղ կնոջը և խանին զարմանքով հարց տալիս՝ խանն ապրած կենա, սրան էլ են զուռնով բերե՞լ...

Եվ այդ ասելիս պատմողը պիտի հարցներ, թե Մրոցի հողերի շարքին Ծիրանի տափն է՞լ է հող, բայց «մեծավորը» քահ-քահ պիտի ծիծաղեր, և Միրի մի քանի միամիտ գյուղացի, որոնք անգիր կասեին այդ պատմությունը, չինովնիկի ծիծաղը հօգուտ Միրի կընդունեին։