Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/70

Այս էջը հաստատված է

Այսպես շատ տարիներ եկել են, գնացել, երկու գյուղից էլ շատ յուղ ու պանիր, գորգ ու կարպետ են տարել հազար ու մի չինովնիկ և տարածի համեմատ էլ հատկացրել Ծիրանի տափը՝ մերթ Միրին, մերթ Մրոցին, կռիվների աղբյուր ստեղծել, ամեն տարի մացառուտի կանաչ տերևները բացվելու հետ երկու գյուղումն էլ թեժացրել զայրույթը Ծիրանի տափի համար...

* * *

Խորհրդային օրերն եկան։

Երբ որ գավառական քաղաքից թշնամսւ խուճապի մատնված զորքերը հեռացան, և բեզարած կարմիրբանակայինները պառկեցին Ազգային Խորհրդի դիվանների վրա, բանակի շտաբը քաղաքի հետ գրաված համարեց և հեռու ձորերը, որոնցից մեկումն ընկած էին Մրոցն ու Միրը։

Հարկավոր էլ չէր զորք ուղարկել, ոչ էլ թնդանոթ։ Տեղացի մի ագիտատոր անցավ ձորերով և պատմեց այն, ինչի մասին լսել էին ձորի գյուղերում։

Հենց որ լուր եկավ, թե գավառական քաղաքից փախել են նրանք, որոնցից ոմանք առաջվա չինովնիկի պես էին մտածում Ծիրանի տափի խնդիրը որոշելիս, երկու գյուղն էլ ականջները խլշեցին նոր օրերի լուրերին, աչքերի առաջ Ծիրանի տափը։

Եվ ձորերում քարոզող ագիտատորը հենց որ Միր գնաց և ընդարձակ կալում հավաքված ժողովրդին ճառ ասաց, ձեռքերն օդում ճոճելով, զայրացած մի քանի անգամ կրկնեց «արնախումներ, գիշատիչներ», Միրում շատերն այնպես հասկացան, թե այդ բառերը վերի գյուղին են ուղղված։ Ճառից հետո եկվորին շրջապատեցին գյուղացիք, և առաջին հարցը Ծիրանի տափի մասին եղավ, պատասխանը՝ թե «հողն աշխատավորին» – ավելի երկմիտ դարձրեց Միրի բնակիչներին։ Ագիտատորի գնալուց հետո գյուղում ոմանք նրա պատասխանը հօգուտ Մրոցի էին մեկնաբանում։

Նույն ճառը կրկնվեց և Մրոցում։ Այնտեղ էլ ժողովուրդը խլշած ականջներով լսեց նրան, և երբ ագիտատորը հողահավասարման անունը տվեց, բազմությունը շարժվեց, թեև մարդիկ կային, որոնց մտքերը հեռու էին, ցնցվեցին, մոտեցան խոսողին։ Շատ մարդ էր լսում նրան, և այդ րոպեին Մրոցում ոչ մի ուղեղ չկար, որի ծալքերում Ծիրանի տափի պատմությունը չդառնար շվաքի պես։ Լսելուց հետո շատերը խոսեցին Ծիրանի տափի մասին։