Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/73

Այս էջը հաստատված է

խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորույթ ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։

Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը։ Եվ հոգնությունից հանգստանում էր, աչքը հեռու սարերին։ Նստել էր ու միտք էր անում՝ ականջը սիմինդրի տերևների խշշոցին։

Աշնան արևը ջերմացնում էր նրան, ձորի խաղաղությունը դուրեկան էր։ Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց, Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։ Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ։

Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից։ Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե մի ուրիշ ձեռք։

Աշնան խաղաղ օրին նրան հաճելի էր և՛ սիմինդրի տերևների խշշոցը, և՛ վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը։

Այդպես մի անգամ էլ, շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը։ Էլի արև օր էր։ Հնձանի ստվերում ուռենու կողովների մեջ սև խաղողը շողշողում էր։ Ներսը՝ քարե տաշտի մեջ, Դիլան դային, մինչև ծնկները բաց ոտներով, ճմլում էր խաղողը և արևագույն շիրան քարե տաշտից ծորում էր կավե կարասը։

Հնձանը շոգ էր։ Ճմլում էր խաղողը, ինքն իրեն դնդնում կայտառ մի երգ և քրտինքի կաթիլները գլորվում էին, ընկնում շիրայի մեջ։ Երիտասարդ էր այն ժամանակ, երակներում արյունը եռում էր իբրև թունդ գինի։

Դռան ձայնին Դիլանը գլուխը դուրս հանեց։ Այգում ոչ ոք չկար։