Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/75

Այս էջը հաստատված է

խոտի դեզի մոտ, ամեն տեղ այդ սերը ծիծեռնակի պես ճռվողում էր, մինչև հասունացան նրանք, և մի օր էլ մեծատուն հարևանի շեմքով ներս մտավ Սոնան, հարսի քողը երեսին, արցունքից կարմրած աչքերը՝ պայծառ, որպես լեռնային ծովակ։

Հարսանիքից չորս ամիս հետո, պատահմամբ հանդիպել էին իրար այգիների ճանապարհին։ Դիլանը նրան կանգնեցրել, հարցրել էր հալը, Սոնան թախիծով թոթվել էր ուսը և արագ հեռացել։

Հանդիպումը բորբոքել էր նրան, բայց առաջվա նման մոտիկ լինելու ցանկությունը, իբրև խոր երկնքում նազով ճախրող թռչուն, երբեք չէր իջնում նրա շեմքին։

Ու հանկարծ այդ հավքը թառեց նրա ուսին։

Ինչո՞ւ եկավ այգին, արդյոք Սոնան մանկության առվակի ջրե՞րն էր կարոտել, թե՞ պատահմամբ մոտեցավ հնձանի դռնակին՝ մտածելով, որ ներսն էլ ամայի է, ինչպես այգում։ Դիլան դային մինչև վերջը չիմացավ այդ։

Մի քանի անգամ մոտեցավ, կամեցավ նրա հետ խոսել, բայց Սոնան խույս տվեց։

− Թո՛ղ, Դիլան, գնա քեզ համար...

Եվ էլ իրար չտեսան։

* * *

Դիլան դային միայն գիշերը տուն գնաց։ Ամբողջ օրը թափառել էր ձորում, եղել էր հարևանի այգու շրջակայքում, աղբյուրն էր գնացել, փողոցի անկյունում կանգնել էր, բայց ոչ մի տեղ Սոնային չէր տեսել։

Լուսնյակ գիշեր էր, երկինքն անամպ։ Փչում էր գիշերվա հովը։ Դիլան դային պառկեց դեզի գլխին, նոր հարած խոտերի վրա ու քունը չտարավ։

Հազարավոր չորացած ծաղիկներ բուրում էին խոտի խուրձերի միջից և լուսնյակ գիշերով նրան այնպես էր թվում, ասես այդ նույն դեզի վրա պառկել է Սոնան և խուրձերի մեջ թողել լաջվարդի բույրը։

Լուսաբացին հալվեցին աստղերը, գիշերվա լազուրը գունատվեց։ Երբ ծաղիկներն արթնացան գիշերվա նիրհից, և ցողը շողշողուն կաթիլներ շարեց նարնջագույն քարերի վրա, արևի առաջին շողերի հետ, գյուղի դիմաց, դեղնած արտերում զարթնեց կաքավը։

− Կա՛խ-կղա, շա՛խ-կղա...