Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/76

Այս էջը հաստատված է

Լսվում էր կաքավի թավ երգը։ Ավելի վերև, անտառի խորքից կանչում էր միրհավը։

Դիլան դային վեր կացավ, ուսը գցեց կայծքարով հրացանը և երեսը դարձրեց դեպի սարալանջի անտառը, որտեղից կանչում էր միրհավը։

Սիրտ չուներ իջնելու այգին, տեսնելու հնձանը։

Քայլում էր Դիլան դային շաղոտ խոտերի միջով, հնձած արտերն էր կոխ տալիս, ոսկեգույն ծղնոտները, և գլուխը կախ բարձրանում դեպի անտառը՝ արահետի կեռմաններով և թփերի միջով։

Ահա ճամփի եզրին՝ մասրենու պառավ թուփը, նրա մոտ տափակ քարը, որի վրա հովիվներն այժմ էլ աղ են ցանում ոչխարի համար... Խուրձ էին կրում միասին՝ ինքը, Սոնան։ Արևը խանձել էր աղջկա երեսը, ոսկեդեղձան հյուսերի ծայրը։ Դեղին ծղնոտի փշրանքներ կային մազերի արանքում։

Կալից ձիերը քաշում էին, հասնում այդ քարին, և ձիերը կանգնեցնում։ Ինքը բարձրացնում էր Սոնային ձիու վրա, հետո իր ձին նստում և գնում արտերը խուրձի։

Մի անգամ էլ Սոնան խնդրեց, որ միասին նստեն։ Ու մի ձին հետքից քաշեցին։ Առջևը Սոնան էր նստել, հետևում ինքը։ Մի ձեռքով սանձն էր պահում, մյուսով գրկել էր նրա բարակ մարմինը։ Աղջկա ծամերը քսվում էին նրա երեսին։

Իսկ մյուս առավոտը, երբ այդ քարին հասան, և ինքն առաջարկեց նորից միասին մի ձիու նստեն, Սոնան հայտնեց, որ մայրը հանդիմանել է իրեն և խստիվ պատվիրել առանձին նստելու։

− Ինչո՞ւ։

− Ամոթ է,− ասաց աղջիկը արդար ժպիտով։

Դիլան դային մոտեցավ մի դեզի, ձեռքը կոխեց խուրձերի մեջ և տաքություն զգաց։ Կեծացել էին խուրձերը, գիշերվա խոնավությունից հասկերը տմկել էին։

Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց կայծքարով հրացանին, միտք արեց։ Սոնան այստեղ մի ամառ քաղհան էր անում, կռանում էր ցորենների վրա, մատները փուշ էին մտնում։ Սոնան հնձվորի համար հաց էր բերում, քրտնում էր արևի տակ և քրտինքից շապիկը փակչում էր լանջին։

Լինե՜ր, այնպես լիներ, որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձեր, Սոնան հաց բերեր իրեն, շապիկը քրտներ և քրտնած նստեր կողքին։

Ետ նայեց Դիլան դային, եկած ճանապարհին նայեց։ Մարդ չկար՝ աշնան մերկ դաշտերն էին։ Ու միայն մասրենու կարմիր թփերն էին, և փայլուն մասուրները դեղնած տերևների արանքում։