Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/77

Այս էջը հաստատված է

Հանկարծ մի թփի հետևը լսվեց կաքավի ձայնը։

— Կա՛խ-կղա, շա՛խ-կղա...

Դիլան դային զգույշ քայլերով, կուզեկուզ մոտեցավ թփերին։ Հնձած արտում կաքավները հավաքում էին ընկած հատիկները, կտցահարում թափված հասկերը։ Մեկը չէր, շատ էին։ Ցատկոտում էին, օրորում գեր մարմինները։ Գարնան երկու ճուտեր մի հասկի համար կռվում էին՝ կտուց կտուցի։

Դիլան գային չոքրեց, նշան բռնեց։ Մի գեր կաքավ սպիտակ վիզը ձգեց, սկսեց չորս կողմը նայել։ Մյուսները լռեցին, տապ արին ծղնոտների մեջ։

Քամին խշշացրեց թփերը, ինչպես Սոնան սիմինդրի երկար ցողունները... Ու խշշոցը կաքավներին հասավ թե չէ, իսկույն փռռալով մի քանի հանգույց արին օդում, իջան արև առած արտերի վրա։

Ճանապարհը շարունակեց։ Քանի գնում թփերն ավելի էին շատանում, արտերի մեջ երևում էին հատուկենտ կաղնիներ՝ ծռված, կռացած, կայծակից խառնված։ Ասես պահապաններ էին կանգնել անտառի և արտերի սահմանում։

Արահետը բարակում էր։ Վերջին արտերն էր կոխ տալիս։ Անտառից հովը փչեց նրա դեմքին, ռունգներն ագահորեն ծծեցին անտառի խոնավ ու զով օդը։

* * *

Անտառը ծանոթ էր նրան, գիտեր, թե որտեղ է սիրում բույն դնել ու կանչել միրհավը, մթին անտառների ոսկեփետուր թռչունը։

Անտառի մեջ մամռոտ ժայռեր կային, արջաբներ, քամուց ընկած դարավոր կաղնիներ, որոնց վրա սունկերը շար էին ընկել։ Ծառերի կիսաչոր ճղները մամռոտել էին և կիսախավարի մեջ կարծես հետին ոտքերի վրա բրդոտ արջեր էին կանգնած։

Ժայռերին չհասած՝ դիմացից լսվեց հրացանի պայթյուն։

Աղմուկից դրնգաց անտառը, դեղին տերևներից ցողի խոշոր կաթիլները մետաղի ծանրությամբ ընկան խազալի վրա։ Մթնկա խորշում թպրտաց գիշերահավը։

Ո՞վ պիտի լիներ։ Կայծքարով հրացանի ձայն չէր։ Իսկ գյուղում ուրիշ բերդան չկար։

— Տեսնես ո՞վ է որս անում,—մտածեց նա։