Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/78

Այս էջը հաստատված է

Տերևները խշշացին։ Դիլան դային տապ արավ, պահվեց քարի հետևը։ Միրհավն էր. հանգիստ քուջուջ անելով փոխում էր արևագույն տոտիկները և կտուցով քրքրում լորենու փափուկ տերևները։

Դիլան դային թաքստոցից գլուխը հանեց նշանի, հրացանի փողը երկարեց քարի վրա։ Բայց հանկարծ թռավ միրհավը, խորքից մի ուրիշը, ապա երրորդը, չորրորդը...

Զգույշ է միրհավը, դժվար է նրան խփել։ Երբեմն այնքան մոտ է գալիս, ահա ուզում ես կրակել, բայց մի թեթև խշշոցից, նույնիսկ որսորդի խոր շնչառությունից, բացում է թևերը, թռչում գնդակից արագ, ծղրտում, պտույտներ անում թանձր սաղարթի վրա և անձայն իջնում մի ուրիշ տեղ։ Զգույշ է միրհավը, քուջուջ անելիս՝ ձգում է վիզը, աջ ու ձախ կռանում և ապա նորից երկարում վիզը, չորս կողմը նայում։

Դիլան դային թաքստոցից դուրս եկավ, ճանապարհը շարունակեց։ Արդեն անտառի խորքն էր. տեղ-տեղ ծառերն անանց պատնեշ էին կազմել։ Տերևները հարյուրավոր տարիներ թափվել էին իրար վրա, արևերես չէին տեսել ու չէին փտել։ Ծառերի բները թաղվել էին տերևների կույտի մեջ և ճյուղերը թխսամոր թևերի նման փռել ստվերում բուսած կապույտ սունկերի վրա։

Դիլան դային կոխ էր տալիս չորացած տերևները, թաղվում, ինչպես հարդի շեղջի մեջ, սայթաքում և ճղներից բռնելով ճանապարհը շարունակում։

Հասավ աղբյուրը, կռացավ կուշտ ջուր խմեց։ Քիչ հետո իջավ լորենիների ձորը։

Ներքև, քարերի վրա, այնքան շատ միրհավ կար... Արևը տաքացրել էր մամռոտ քարերը, ոսկեփետուր միրհավը, թևերին սև պուտեր, թռչոմ էր քարից քար, կանչում, կտցահարում հարևանին, էգի շուրջը պտույտներ անում։

Նշան բռնեց։ Երբ քարը կայծ տվավ և կայծից բռնկվեց վառոդը, հրացանի փողից բոց ու մուխ ելավ, ձորերը որոտացին ահավոր արձագանքով, ձորից թռան միրհավերը՝ թևերը լայն, փափուկ բմբուլով, թևերը փռած աշնան արևի ոսկե շողերի տակ։

Միայն մեկը թպրտաց, մամռոտ քարից վայր ընկավ թփուտների մեջ։

Դիլան դային վրա վազեց և վազելիս նկատեց, որ մի սպիտակ շուն, լեզուն հանած, ցատկեց թփուտների կողմը։ Որսկան շան շունչն ու Դիլան դայու ձեռքերը միասին ձգվեցին դեպի արնոտ միրհավը։

Նրա մատները դիպան դեղին բմբուլներին, բայց վիրավոր միրհավը