Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/8

Այս էջը հաստատված է

քաղված են քսանական թվականների գյուղի իրականությունից, այն ժամանակաշրջանի, երբ թեև հայոց բնաշխարհը բռնել էր պատմական զարգացման նոր ուղին, այդուամենայնիվ, շատ բանով դեռևս պահպանվում էին հին կենցաղի և հոգեբանության, նահապետական ապրելակերպի և նախապաշարմունքների գծերը։

Ինչպես երևում է պատմվածքների սյուժեներից, Մթնաձորը մի այնպիսի աշխարհ է, ուր դեռևս միմյանցից չեն անջատվել իրականությունն ու առասպելը, առօրյան ու լեգենդը, ուր մարդն ու արջը ապրում են կողք կողքի, ուր բնության և գյուղի միջև չկան էական տարբերություններ, բնությունը գյուղի մեջ է, գյուղը՝ բնության ծոցում. «Եվ եթե հողերը երկու տարի չվարեն, անտառն իր մեջ կառնի Աքարին, քամին լորենու սերմերը շաղ կտա, թռչունները կաղին կտանեն կտուրների վրա և հանգած թոնրի մեջ կաղինն իր արմատները կխրի։

Մի խոսքով մթնաձորյան գյուղը բոլոր կողմերով նահապետական, մոռացված, անմատչելի աշխարհ է, այնքան «մոռացված», որ «ճամփի վրա կանաչ խոտ է միայն», և այնքան անմատչելի, որ «ժամանակն այստեղ ուրիշ ընթացք ունի, որի նվազ միավորը դարն է»։

Բակունցն անդրադառնում է, նախ և առաջ, Մթնաձորի բնակիչների սոցիալական թշվառության պատկերներին։

Այս առումով առանձին շարք են կազմում «Մթնաձոր», «Օրանջիա», «Տիգրանուհին», «Խաղլացավ», «Այու սարի լանջին», «Հանավանք» կենցաղանկարները, հայ գյուղացու ողբերգական կյանքի մեկը մեկից ցնցող պատումները։

Գյուղացի Վասիլը («Տիգրանուհին») այնքան է խեղճացել հոգս ու պարտքի ծանրությունից, որ ձմռան մի գիշեր մտքում դնում է օրագիր պահել՝ դրա մեջ գրանցելով իր կենցաղի մանրամասնությունները։

Հին երազահանի խունացած էջերի վրա Վասիլը գրի է առնում շաբաթվա կարևոր անցքերը, ինչպես, օրինակ. «Մայրս գնացել էր իր եղբոր որդու տունը ղոնաղ՝ չորս օրով։ Վարսենիկը (կինս) զբաղված էր տանը մանր գործերով։ Կովը տվավ 12 գրվանքա կաթ, Ծաղիկը՝ ոչ։ Տիգրանուհին գնացել էր ջաղաց՝ ալյուր աղալու, բայց նոբաթ չլինելու պատճառով եկավ տուն։ Չէր աշխատում գոմեշը։ Բադալի տղան տվավ իր պարտքը՝ վեցը կոտ ցորեն։ Առա մի բահի կոթ։ Եվս մի շաբաթում հավերը 12 ձու ածեցին, որից 5-ը ծախեցինք, ընդամենը 10 կոպեկ…»։

Հին երազահանը լցվում է թվերով, տոկոսներով, տվյալներով,− պակասում են դատողությունն ու զգացմունքի զեղումները։ Գյուղացին