Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/81

Այս էջը հաստատված է

...Դիլան դային վեր կացավ, ետ քաշեց հնձանի դուռը, երկաթե փակն ամրացրեց, մինչև մյուս գարուն։ Ապա կռացավ, դժվարությամբ շալակեց չորացած ոստերի և ցողունների կապը, և հոգնած ոտքերը ծերունու հուշիկ քայլերով փոխեց դեպի այգու դուռը։

Այգում էլ ոչ ոք չմնաց։ Միայն իրիկվա հովից խշշում էին սիմինդրի կոշտացած ցողունները, չորացած տերևներն անհանգիստ խմբվում էին այս ու այն անկյունում, թպրտում հուսահատ և անմռունչ պառկում սև գուբի մեջ։

1921—1939

ՄԻՆԱ ԲԻԲԻՆ

Մինա բիբուն ասել էին, որ երեկոյան հարսն ու որդին գյուղ պիտի հասնեն։ Եվ դեռ երեկո չեղած, նա կտրից տուն չէր ուզում գա։

Կանգնել էր կտուրի վրա, մի ձեռքը ճակատին՝ մայր մտնող արևի շողերից աչքերը ծածկելով, նայում էր հեռուն, կածանի կեռումեռ պտույտին և սպասում էր, թե երբ են երևալու։

Որդին օտար քաղաքից էր գալիս։ Տասը տարուց ավելի էր, որ գյուղ չէր եկել, մայրը նրան չէր տեսել։ Քաղաք էր գնացել դեռ պատանի, մախմուրի պես աղվամազով, իսկ այժմ վերադառնում էր կնոջ ու աղջկա հետ։

- Ա՛յ պառավ, բա օքմին չի երևո՞ւմ,—ներքևից կանչեց Ավան ամին։ Նա էլ սենյակում էր անհամբեր և շուտ-շուտ ձայն էր տալիս պառավին, լսողությունը սրած, ոտնաձայնի պատրաստ։

− Զինգիլա քարի մոտ հրեն երկու ձի յա երևում, մին ոտավոր էլ կա,—պատասխանեց Մինա բիբին կտուրից և լարեց առավել տեսողությունն իր։ Նրա աչքերն ավելի փոքրացան, ձգվեց, ասես երկարացավ, որ ավելի լավ տեսնի, կանգնեց ոտքի թաթերի վրա։

Մի պահ հառեց կկոցած աչքերը Զինգիլա քարին, փորձեց որոշել, թե ովքեր են գալիս։ Մի քիչ էլ, և հանկարծ Մինա բիբին ծնկներում թեթև դող զգաց, ափ ընկած ձկան պես սիրտը թրթռաց, ներսում հրճվանքը ալիքի պես բարձրացավ, կոկորդին դեմ առավ։

Եվ շնչասպառ կտուրից իջավ, տուն վազեց։

— Գալիս են, ա՛յ մարդ, հրեն է...