Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/83

Այս էջը հաստատված է


Կովերը տաք գոմում ախորժով խոտ էին ուտում, իսկ Ավան ամին կոշտացած ձեռքերով, որոնց ուռած երակներն ասես պարաններ լինեին, շոյում էր կովերի մեջքը, փաղաքշական խոսքեր ասում։

— Ապե՛ր, հո շատ չես չարչարվել...

Որդին էր՝ Տիգրանը, որ զարթնել էր ու հոր հետևից գոմ եկել։

— Մի գա, գնա, գնա տուն․ սապոգներդ թրքոտ կանես, բալաս։ Մեր փեշակն ա, բա, պտի չարչարվենք, առանց էդ չի։

Գոմ գալուց առաջ Տիգրանը իրենց բակից նայեց գյուղին, խոտի սևացած դեզերին, աթարի բուրգերին, շնչեց գյուղի օդը՝ բակերում, փողոցներում կիտած աղբի, վառած աթարի ու կծծած խոտի, գոմերից դուրս եկած ու մեզի անդուրեկան, ծանր հոտով լցված գյուղի օդը։

Եվ այնպես խեղճ թվաց հայրենի գյուղը, այնքան հետամնաց։

Աոաջին տպավորությունը գրավիչ չէր։ Քաղաքում երկար տարիներ ապրելուց հետո նրա հիշողության մեջ վառ էր մնացել միայն գյուղի գրավիչ կողմը՝ սարերը ծաղկաշատ, աղբյուրները պաղջուր, արոտները կանաչ, ուր խոտը տեղ-տեղ մինչև գոտկատեղն է հասնում։

Նա մոռացել էր, որ գյուղում կեղտ շատ կա, սապոնով երես չեն լվանում, մի ձեռք շոր ունեն, հագնում են այնքան, մինչև հնանա, սևանա․ հետո կարկատում են հազար տեղից ու նորից հագնում։

Տիգրանը կանգնել էր գոմի դռան մոտ ու նայում էր, թե ինչպես հայրը աղբով լի քթոցը շալակին, ոտները կվաջրի մեջ ճլմփացնելով ներս ու դուրս է անում, գոմը մաքրում։

Նրա աչքին ընկավ հոր վզի ամուր ջիլերը, որոնք լարերի պես ձգվում էին, երբ հայրը ծանր քթոցի տակ վիզն էր երկարում։

— Գնա՛, գնա՛ տուն... նանին հիմա չայը գցած կլինի...

Տարիներ հետո, երբ քաղաքում Տիգրանը մտաբերում էր գյուղը հայրենի և հորն ալևոր, նրա աչքի առաջ կանգնում էր հայրը՝ վիզը ձգած, ջղերն ուռած՝ պինդ լարերի պես, աչքերն ավելի դուրս ընկած...

* * *

Առաջին օրերը հա գալիս-գնում էին հարևան ու բարեկամ։ Նրանք բոլորն էլ նույն ձևով էին արտահայտում իրենց հրճվանքը, համբուրում գյուղացու պինդ պաչով այտ ու աչք, ունք ու ճակատ։

Երբ մի անգամ էլ Անժիկին պաչեցին, նա թաշկինակով թշերը սրբեց, նոթերը կիտեց այնպես, ասես տհաճ էր գյուղացու պաչը։