Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/88

Այս էջը հաստատված է

«ԽԱՂԼԱՑԱՎ»

Տարօրինակ թվաց զուռնայի կանչը զիլ և դհոլի աղմուկն ընդհատ աշնան արևոտ ցերեկին, բլրի լանջին արևկող արած գյուղում։

Հարսանիք չէր, և ոչ կերուխում կամ կնունք։ Այդպես չի փչում զուռնան ուռած թշերով, մի աչքը միշտ կիսախուփ զուռնաչին, երբ պարն է զլում, թնդում։

Առաջին պահ դժվար էր որոշել, թե որ գետնափոր խրճիթումն են նվազում։ Երբ զարմացած հարցմունք արի ծանոթ գեղականից, նախ, չուզեց ասի, ապա մատը դիմացի տանն ուղղեց և ասաց.

− Տասն օր ա էսպես խաղում ա, գիշեր-ցերեկ...

Դիմացի տունը՝ կտուրը խոնարհած, մի քիչ թեք ընկած տուն էր, կտրին աթարի դեզ՝ շիշ փափախի պես, դեզի մոտ դեղին դդումի մի շարք։ Փողոցին նայող միակ պատուհանը ներսից շորով էր ծածկած։

Զուռնան նվագում էր ներսում, դմբում էր դհոլը, ինչ-որ մարդիկ ոտքերը գետնով էին տալիս սենյակի սալաքարերին։ Փակ էր դուռը տան, բակում օքմին չէր երևում։ Եվ եթե մեկն անցնում էր փողոցով, շորով ծածկած պատուհանի առաջ չէր կանգնում, զուռնայի նվագը չէր լսում, այլ արագաքայլ էր անում։

Եվ՝ ծանոթ գեղականն իմ հեռացավ մի քիչ, նստեց փողոցում ընկած գերանի վրա, շփեց ճակատն ու ասաց, թե՝

− Հայվանի ադաթ ա մեզանում էդ խաղը, խաղլացավը...

Չկարողացա իմանալ, թե ինչ ցավ է. բռնում է հանկարծ, ասում են, շատ միտք անելուց, հանկարծակի կորստից կամ հրճվանքից անչափ։ Հիվանդի ոսկրները ցավում են։

− Ցավը, որդի պես, սաղ ջանով ման ա գալիս... Մին ծունկն ա ծակում, մեկ էլ փախնում սրտի տակ։ Պետք ա էդ որդին սպանեն։

Եվ սպանում են «խաղլացավով»։ Կիսամութ սենյակում նստոտած են վարձովի լալկան կանայք, հիվանդը նստում է նրանց մոտ։ Լալիս են կանայք վարձկան, սուգ անում, մղկտում, և հիվանդի սիրտը թուլանում է, մարելու պես լինում, մեկ էլ ծլունգ լինում ընդոստ, սկսում պարել՝ խելագարի ցատկումներով անմիտ, գետնովն է տալիս իրեն, մարմիըջ կոտրատում և պարում, պարում ժամերով։ Քրտնում է, փրփրում, բայց թնդում է պարը։ Սենյակի անկյունում նստած զուռնաչին զլում է զուռնան, դհոլը դմբում է արագ, նվագն ասես թե ոսկրի մեջ է մտնում, և մարմինը՝ դհոլի դմբոցի հետ վեր-վեր է թռչում, ֆուտբոլի գնդակի պես։

Այսպես սկսվում է և երկու օր տևում։ Նվագում են գիշեր-ցերեկ. հոգնած զուռնաչուն ուրիշն է փոխարինում, դարձյալ զլում զուռնան, դհոլին խփում, և հիվանդը պարում է, մինչև ուշաթափ լինի։ Հիվանդին պառկեցնում են անկողնում, մի քիչ դադար առնում և հետո նորից սկսում։

Եթե երկու օրում չի լավանում, եթե հիվանդը դարձյալ գանգատվում՝ է «որդի» ծակոցից, խաղալ շարունակում են, այս անգամ ավելի վայրենի, ավելի անիմաստ ու այլանդակ։

Զուռնի լայն բերանը մոտեցնում են հիվանդի ականջին, մեկը ձախ, մյուսը աջ սկսում են փչել, ինչքան թոքերը կարող են շունչ պահել։ Դհոլն էլ դնում են հիվանդի գլխին և փայտե կոպալներով հարվածում դհոլի պինդ քաշած կաշուն։ Ինչքան ուժ ունեն, փչում են զուռնան, դհոլին կոպալները կարկտի պես են վեր թափում։

Հիվանդը ցնցվում է ցավից, հնչյուններից անախորժ, ոտքի է ելնում և նորից սկսում պարել։ Այդ ժամանակ է, որ ներս են մտնում երկու ուժեղ տղամարդ, և սկսվում է «խաղալու ցավի» զարհուրելին։

Հիվանդին գետնով են տալիս, ոտնահարում, փափուկ մսից քաշում, թևից բռնում, ձգում, հրում մի պատից մյուսը, աքացի տալիս, երակներից բռնում քաշում, մատները կոտրատում...

− Սաղ մարդը մի սհաթ էլ չի դիմանա էդ չարչարանքին,−ասում էր ծանոթ գեղականն իմ։ Իրեն էլ են կանչել, մի անգամ էլ ինքն է գնացել մարմինը ջարդելու։

− Էն մեջքի ճիլերից որ քաշում էի, ասում էի, թե հրես միսը պտի պոկվի... Ամա իրեն ցավ չի թվում...

Եվ ձեռքի բութն ու ցուցամատը կեռացրեց այնպես, ասես ցինի կտուց լինի։

* * *

Շատերից եմ հարցրել «խաղալու ցավի» մասին։ Բոլորն էլ նույնն են ասում։ Հիվանդին ջարդում են, տղամարդիկ աքացի են տալիս, կռները կոտրատում են, մարմինը կապտում է, արյուն է գալիս, բայց իբրև թե հիվանդը ծպուտ չի հանում, «դուր է գալիս»։

Բեզարում են տղամարդիկ, հոգնում են կռները, քրտնում են սենյակի կիսամութում, ուր շնչելու էլ օդ չկա, որովհետև դուռ և պատուհան պինդ ծածկած է։ Հոգնածին ուրիշ զույգ է փոխարինում, զուռնան էլի զլում է, վարձկան կանայք անկյունի մթում ձեն-ձենի են տալիս, լալիս, երեսները չանգռտում, իսկ հիվանդը պարում է, կամ տղամարդիկ գլորում են նրան, գետնով քարշ տալիս և միշտ աշխատում «որդը որսալ»։