Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/89

Այս էջը հաստատված է


Այդպես օրեր են տևում, գիշեր-ցերեկ անընդհատ, մինչև հիվանդը կամ լավանում է, կամ մեռնում։ Պարից բեզարած, ջարդ ու փշուր մարմնով պառկում է անկողնում, դադարում է զուռնան, կանայք էլ չեն լալիս, և երբ հանգստի ժամը երկար է թվում, մեկը կանանցից մոտենում է հիվանդին, տեսնի՝ շնչո՞ւմ է դեռ...

* * *

− Հերու մեր գյուղում երեք հարս էին «խաղլացավով» հիվանդ... Մինն էլ երեխով էր, − պատմում էր ծանոթն իմ, փողոցի գերանին նստած, իսկ մի քիչ հեռու պատուհանը ներսից շորով ծածկված սենյակում զուռնան էր նվագում՝ միալար, ձանձրալի։

− Երկուսը լավացան, էն մինը երեխան փչացրեց, հիմի էլ ջան չունի...

Սովորաբար աշնանն են սկսում բժշկել, «որդը» ցուրտն ընկնելուն պես սկսում է շարժվել, վերքերն են դուրս գալիս։ Գյուղում պառավ կանայք կան, գիտեն, որ այդ «խաղալու ցավ» է։ Եվ ահա սկսում են պատրաստություն տեսնել, մոտիկ գյուղից զուռնա-դհոլ կանչել, երկու կամ երեք «դաստա», որ իրար փոխարինեն։

Ես չկարողացա ստուգել, թե ինչքան են ստանում զուռնաչին ու դհոլչին։ Խորհրդի նախագահի ասելով՝ օրական ութ ռուբլիով են պայմանավորվել։ Շատ սազանդար չի դիմանում, չի համաձայնվում նվագել, թեկուզ բարձր գնով։ Նոր սովորած զուռնաչիները միշտ էլ ուրախությամբ են համաձայնվում, սովորել կարող են, որովհետև նրանցից շնորհքով նվագ չի պահանջվում, այլ դարբնոցի փուքսի պես թոքեր։

− Օտարությունից ա եկել էս կնիկը, որ հրեն խաղում ա։ Քաղաքներում չեն կարողացել օգնություն անել... Ինչքան երևելի բժիշկների մոտ են տարել, բոլորն էլ ասել են, թե «չխոտկա» յա, բժիշկվիլ չի, հայրենիք տարեք... Հիմի էստեղ բժշկվում ա։

Երբ ես աչքիս տակով նայեցի խոսակցիս մազակալած դեմքին, ականջներին՝ մեջը մի֊մի մալանչ բուրդ,−չկարողացա իմանալ, հեգնո՞ւմ է, թե՞ համոզված է, որ «էստեղ բժշկվում ա...»։

«Խաղալու ցավ»-ով մեծ մասամբ կանայք են բռնվում, քիչ դեպքում՝ տղամարդիկ։ Այդ օրվա հիվանդն իր երկու որդուն զոհ էր տվել մի դժբախտ պատահարի, ցավից դարձել մտազբաղ, շատացել է հոգսը և «որդը սրտում բուն ա դրել»։