Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/90

Այս էջը հաստատված է

− Ինքը ջահել ա, համա որ տեսնես, էն ճիպոտը քեզ օրինակ։ Մաշվա՜ծ, դեղնա՜ծ, սերկևիլի կճեպ։

Հարցրի նրան, թե ինչպես է հիվանդը դիմանում այդքան անասելի չարչարանքի, ինչպես է, որ շունչը չի տալիս։

− Տվող էլ ա լինում, առանց էդ չի... Դուր ա գալիս զուռնի հավեն, զուռնի ձենը ոսկորի մեջ ա մտնում, ոնց որ ջուրը պլտում ա, ինքն էլ էդ ցավից թռնում ա։

Իբր թե հենց առաջին օրը հիվանդը ջոկվում է։ Եթե զուռնի նվագը նրան դուր է գալիս, լալկան կանայք իրենց սուգով, երգերով կարողանում են նրա աչքից արցունք քամել, եթե խաղը կռներն է ընկնում, ուրեմն նա «խաղլացավ» ունի, պառավները ճիշտ դիագնոզ են դրել, զուռնաչուն և կռները կոտրատող տղամարդկանց է մնում բժշկել։

Հիվանդին ուտելիք քիչ են տալիս, մի կտոր չոր հաց, մի գավաթ ջուր։

− Պետք ա սոված մնա, որ էն «որդը» դուրս գա։

Առաջ «խաղլացավը» ավելի խայտառակ միջոցով են բժշկել։ Եղել է զուռնան, անվերջ քաշկռտուքը, կանանց շիվանը, բայց մխացող աթարն էլ է եղել, շան չորացած կղկղանքը մխացող աթարի վրա։

Ուշաթափ հիվանդը պառկելիս է եղել վերմակի տակ, գլուխը ծածկել են վերմակով և մխացող աթարը՝ որպես բուրվառ, վրան կնդրուկ՝ կղկղանք, վերմակի տակ դրել կնոջ քթի առաջ, մինչև շնչահեղձ, թունավորված հիվանդը ջղային ցնցումներ է արել, վերմակը դեն շպրտել, ծառս եղել, որպեսզի զուռնի տակ պարի երիցս նզովված «ջազբանդ...»։

Հիմա մխացող աթարը մոռացված է, բայց խաղալը մնում է, օր ու գիշեր, զուռնով, դհոլով, կիսամութ սենյակում, քաղցած, հյուծված հիվանդի խելագար ցատկումներով «խաղլացավը» մնում է դեռ մեր խուլ, յոթը սարի հետևում պահված գյուղերում, որպես «հայվանի ադաթ»։

− Էսօր տասներկու օր ա խաղում ա... Երեք դաստա սազանդար են կանչել, հլա «որդը» շարժվում ա...

Վեր կացանք, ծանոթ գեղականիս հետ անցանք շորով ծածկած պատուհանի առաջ։ Սենյակից լսվում էր զուոնի ձայնը միալար, ձանձրալի, դմբում էր դհոլը և անկարգ, մերթ թույլ, մերթ ուժեղ ոտնաձայներ էին լսվում սենյակից, ասես դագանակով խփում էին հատակի սալ-քարերին...

1925