Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/92

Այս էջը հաստատված է

− Չկա,− կասի,− ի՜նչ էր, մի քանի խնձոր․− կամ ճանճը էս տարի օգուտ չտվավ,− և եթե լավ գին տաս, սպասիր տեսնեմ, կասի և մառանը կիջնի։

Ընդարձակ բակն ընկած է տան առաջ, որ չորս լուսավոր սենյակ ունի, փեղկերով, ապակած։ Սենյակներում գորգ ու կարպետ կա, պատերին խալի, երկու լավ մահճակալ, սպիտակ պղնձից ինքնաեռ, ափսեներ ու բաժակներ։

Օսեփն առաջ խանութպան էր, գյուղումն էր առուծախս անում։

Այն ժամանակից է պահել և պատերազմի տարիներում խալին ու սանդուղները լի պինդ թաքցրել մառանի մի անկյունում։

Խաղաղության հետ ամեն տարի նրա տունը լցվում է, պահածը դուրս է հանում և ավելացնում անընդհատ։

Գյուղում նրան «քոռ գայլ» են ասում։ Եվ եթե խոսքը վեր է գալիս Օսեփի վրա, մի ջահել վրա է բերում.

− Նրա ամբարում հլա ինչե՜ր կա...

* * *

Իսկ իրեն որ նայես, բամփես՝ տղի պես գետնին կփակչի. լղար՝ դարմանով պահած ձիու պես, այտոսկրները դուրս ընկած, կարճահասակ, կուզը մի քիչ դուրս ընկած։ Նայում ես դեմքին, ասես որդ կերած կարտոշկա լինի, աչքերը փոքրիկ, բզով ծակած, ունքերը կատարյալ բեղ, փափախի մազերից չի ջոկվում։

Բայց զորբա է։ Չորս ձի ունի, սեփական գութան, որ նոր է առել։ Եթե ուզենա, գութանը մենակ լծելու չափ եզներ ունի... բայց մենակ չի լծում։ Հարաքաշ է անում, եզանց մի ջուխտ էլ գոմում պահում։

Ձեռքից եկածը չի խնայում։ Ձեռքափող է տալիս, տոկոս առնում կամ գարնան սերմացու տալիս, կալին մեկին երկու ստանում։ Եթե գյուղում մեկը որոշում է մի ոչխար մորթել միսը ծախելու և եթե մենակ ուժը չի պատում, Օսեփը միշտ ընկերանում է, աժան պատահած ոչխարն առնում և մորթում։

Ականջին է հասնում, որ գյուղում մեկը ծախու գերան ունի կամ քարն է ծախում, ուժ չունի նոր շենք շինելու, Օսեփը աչքերը ճպճպացնելով գլխին կանգնած է, գինը նաղդ է տալիս։

Ինչպե՜ս էլ գիտե հարևանի թույլ կողմը։ Մի ուռի տեսնի, կկանգնի, աչքի պոչով կնայի, մտքում կհաշվի, թե քանի տախտակ դուրս կգա, և ծառի տիրոջ տեսնելիս կասի.