Աղքատ տներ են, որոնցից յուրաքանչյուրը մի եզ ունի կամ մի կով, երկու օրավար վար ունի, մի տուն լիքը ուտողներ։
Իրենց գործն անելուց հետո սրա-նրա համար աշխատում են, գլուխ պահում։
Օսեփը դրանց համար է ասում, թե իր արևի տակ են մեծանում. լսողն էլ գիտե, որ այդպես չէ։ Օսեփն է տզի պես փակչել նրանց և հացափոր աշխատեցնում։
− Բա խի՞ դողն ընկել էր ջանդ, որ ասում էին պայման կապի բատրակի հետ...
Այդ որ ասեին, Օսեփի ջանը իրոք որ դող էր ընկնում, վեր էր կենում, գեղամիջից հեռանում։
Գզիրը կտուրից ժողովի է կանչում։
Մեկ-մեկ հավաքվում են դպրոցի բակում և նստոտում պատի տակ, գետնին կամ քարերի վրա։
Ժողովը հարկի մասին է։
Քաղաքից եկած մի ընկեր այս տարվա մասին է խոսում, բացատրում է, թե ինչու է քիչ։
Ուշադիր լսում են, հետո հարցեր են տալիս։ Հարցնում են, թե էլի առաջվա պես պիտի հավաքե՞ն՝ հարուստից շատ, միջակից քիչ։
Օսեփն էլ է ժողովի եկել։ Նա ոչ մի ժողով բաց չի թողնում, ամենից առաջ է խոսում, աշխատում է ծուռ ու մուռ ճանապարհներով, առակներով իր մտքինն ասել, ուզածն իմանալ։ Եթե քաշվում է հարց տալ, մի ուրիշին է խնդրում, որ իմանա։
Եվ ամեն ժողովի, երբ խոսք է բացվում հարկի մասին, նա միշտ նույնն է ասում.
− Աղքատից էլ հարկ առեք, թող մի աբասի լինի, միայն առեք։
Առեք, ասում է, որովհետև աղքատը հարկ չտալով ծուլության է վարժվում, ամեն տեղ նրա խնդիրն առաջ են ընդունում։
Այդ մի յուրահատուկ տեսություն է նրա համար, որի ճշմարիտ լինելուն Օսեփը երբեք չի կասկածում։
Աղքատը դատարանին խնդիր տալիս դրոշմատուրք չի վճարում։ Դրա համար էլ աղքատները դատարանին շատ են դիմում և ճնշում ունևորին։