Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/95

Այս էջը հաստատված է

Կամ թե աղքատ գյուղացին համոզված է, որ կառավարությունը հարուստից առնելու է իրեն տա, դրա համար էլ չի ուզում հարստանալ, սեփական տնտեսություն ստեղծել։

Մի խոսքով՝ մի ամբողջ տեսություն իր գործնական միակ առաջարկով, որ անում է Օսեփը ամեն ժողովի, երբ հարկի մասին է խոսք լինում։

− Մի աբասի էլ աղքատից առեք։

Մի անգամ էլ խորհրդի նախագահին Օսեփն աոաջարկել էր դիմում տալ կառավարության և իրավունք խնդրել գյուղի հարկը գյուղում բաժանելու։

− Հարյուր մանեթ չեն ուզում գյուղի՞ց, թող երկու հարյուր մանեթ ուզեն, մենակ թե մեզ ասեն՝ էդ երկու հարյուր մանեթը դուք ձեր մեջ փայ արեք։

Գյուղխորհրդի նախագահը ծիծաղել էր.

− Ուրիշ տեղ չասես, Օսեփ ապեր, թե չէ կբռնեն քեզ։

Եվ մինչև հիմա ուրիշ տեղ չի ասել, բայց մտքից էլ չի հանել։

* * *

Նախիրի գալը ժողովը ցրում է։ Բոլորը վռազում են տավարը տեղաց անելու։

Նախագահն իզուր է կանչում.

− Ժողովը դեռ պրծել չի. հարցեր կա՞...

Բայց նախիրը «հարց հարցոց» է գյուղի համար։

− Այ տղա, բա էսպես էլ ժողովո՜ւրդ,− թոնթորում է նախագահը, ինքն էլ իր տավարի մոտ գնում, որովհետև կտուրից արդեն ձեն են տալիս։

Գյուղի խոսք է, թե շինականի ապրուստի մասին նախրապանից հարցրու։ Նա լավ գիտե, թե ով ի՛նչ ապրանք ունի։

Նախրապանն է, որ նախիրը գյուղում ցրելուց հետո ժողովատեղին է եկել, մնացողներից մի բան իմանա։ Բայց բոլորը ցրվել են, ես եմ նստել քարին։

− Օսեփը շատ ա՞ զորբա,– հարցնում եմ նախրապանին։

− Բա հայտնի բան ա, որ զորբա յա։ Էն տավարն ո՛ւմն ա,− ասում է և կողքիս նստում, տրեխի թելը կապում։

− Թամահը շատ ա է՜, հենց էն ա բերանը բաց ման ա ածում, թե որ քյասիբի թիքան կուլ տա։ Բայց վե՞րջը փուչ ա նրա։

Եվ երբ հարցնում եմ, թե ինչո՞ւ վերջը փուչ է, նա ուսերը թոթվում է, հետո գրպանից թութունի քիսան հանում, լցնում չիբուխի կավե գլուխը, մթնում կայծաքարը պողպատին խփում և շրթունքները ծպպացնելով փստացնում։

− Դա մեզ լավ հայտնի յա նրա վերջի կյանքը... Օսեփը շունչը դինջ չի տալու...

Եվ առակ է ասում, թե ինչպես ագահ մի գյուղացու ասում են՝ լուսաբացից մինչև արևմուտք ոտով ինչքան գնաս, այդքան հող կտանք քեզ։ Մարդը գնում է, գնում, քանի արևմուտը մոտենում է, այնքան նա քայլերն է շտապեցնում։

Եվ մայրամուտի վերջին պահին ագահությունից բոյով մի մեկնվում է, որ իր պառկած տեղն էլ զավթի։

Նախրապանը առակն ավարտեց ու մահակն առավ, որ գնա։

Մեկ էլ նայեց ինձ և ասաց.

− Հենց էն պառկած տեղն ա մնալու իրան, զորբա Օսեփին...

1925

ՕՐԱՆՋԻԱ

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը, և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզները չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

− Մանաս, ինչո՞ւ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շուտ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։