Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/97

Այս էջը հաստատված է

Մանասը տուն շինեց, կտուրը ծածկեց փայտով, չոր ցախով, կինն ու երեխան էլ հայրական հին տնից հանեց և արահետով անցավ, տեղավորվեց նոր տան մեջ։

Ասում են, որ հենց այդ օրերին պրիստավն իր մոտ է կանչում գյուղի մի քանի ազդեցիկ մարդկանց և մատը թափ տալով ասում․

− Հա՜, Առաքելին որ տանուտեր չեք ընտրել այս անգամ, էլ պրծնում չկա ձեզ։

Շատերն էլ ասում են, թե պրիստավը չի ասել, Առաքելի կողմնակից մարդիկն են այդ լուրը տարածել գյուղում։

Մանասը ձորակում բոստանատեղն էր փորում, երբ ականջովն ընկավ այդ։ Աչքի տակով նայեց գետնին, քարը մի պահ ձեռքին մնաց, քարը պատին դնելիս մտքում տպվեց, որ Առաքելը ոխը մի տեղից պիտի հանի։

Իրիկունը Մանասը դռան երկաթ կապին նայեց ու կնոջն ասաց.

− Ա՜յ կնիկ, մեզ մի շուն ա պետք, գյուղի ծերին ենք, ճամփի բերան։

...Ո՞վ էր՝ կանչեց, թե Առաքելը պիտի տանուտեր լինի։ Ժողովին մեկը կանչեց, հետո մի ուրիշ խումբ միացավ, վերջում որոշեցին կողմերի բաժանվել։

− Առաքելին ուզողը դեպի պատը,− կանչեց մեկը։ Մի խումբ քաշվեց դեպի պատը, հետո մի քանի հոգի միացան, և երբ գյուղի «իշխան» մարդիկ իրար բոթելով շարժվեցին դեպի Առաքելի պատը, ժողովուրդը հետևեց նրանց, աղի վրա գնացող ոչխարի պես։

Մանասի ոտքերը թուլացան, և ոտքերը քաշ տալով ինքն էլ գնաց բոլորի հետ, հոտից ետ ընկած կաղլիկ ոչխարի նման։

− Շեն կենա Առաքել քյոխվան,− ձայն տվին այս ու այն կողմից, փափախները գետնով տվողներ էլ եղան։

Մինչև հիմա էլ գյուղում պատմում են Առաքելի մասին։

− Յաման քյոխվա էր, ջանի կրակ էր։ Քանի՜ մարդ ա փչացել նրա ձեռքից։ Մի ձեռքը խանչալի կոթին էր, մինն էլ ղամշու։

Պատմում են, թե ինչպես Առաքելը գիշերով հանդ էր գնում։ Եթե տեսներ, որ մի ոչխար է ընկել իր կամ բարեկամի արտը, ոչխարն արտի մեջ մորթում էր։ Սարում, երբ լսում էին, թե Առաքել քյոխվան ման է գալիս, չոբաններն ահից ոչխարը մի վերստ էլ հեռու էին քշում։

Եվ պատմելիս ծերերից մինն ավելացնում է.

− Խեղճ Մանասն էլ նրա ձեռքով չփչացա՜վ, տունն էլ ավերակ թողեց...