Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/98

Այս էջը հաստատված է
* * *

Մանասը երբեմն միտք էր անում, թե Առաքելը ոխը հանելու համար գնաց տանուտեր եղավ։ Մտածում էր, բայց մտքինը ոչ ոքի չէր ասում։

Իսկ եթե ազգ ու բարեկամ էլի ասում էին.

− Մանաս, տապ արա, թրի սուր ժամանակն է...

Մանասը փափախը գետնով տալ չէր ուզում, էլի իր հին ասածն էր կրկնում։

Բայց Առաքելը չէր էլ ցույց տալիս, թե ինքը հաշիվ ունի Մանասի հետ։ Այն օրից, երբ տանուտերի շղթան վզովն անցկացրեց, պղնձե կնիքն էլ գրպանը դրեց, Առաքելն այդ օրից ձևացնում էր այնպես, որ իբր թե Մանասին չի էլ տեսնում։

− Մանաս, զարթուն կաց, Առաքելը հանկարծ է քեզ նեղը գցելու։

...Երբ լուր եկավ, թե քաղաքներում գործադուլ կա, հեղափոխություն է ընկել, Առաքելն ականջները խլշեց։ Նույն գիշեր Առաքելի ձիու սմբակների տակից կայծեր թռան։ Պրիստավը հուսադրեց նրան.

− Ձեր գործին կացեք, ժողովուրդ, տարին խառն ա, չլսեմ, չիմանամ, թե լոթի-փոթի մարդիկ են գալիս, գիշերով թաքուն ժողով անում։

Իր շվաքից խրտնեց, թե իրոք վտանգ կար գյուղում, երբ մի շաբաթ հետո Առաքելը նորից գնաց պրիստավի մոտ։

− Պրիստավն ապրած կենա, գյուղում էլ են երևում խառնակիչ մարդիկ. մի տասը հատ ղազախ թող հետս գա, գյուղում երևան մի անգամ, ժողովուրդը զարզանդի։

Պրիստավը բեղերը ոլորեց, բեղը փաթաթեց մատին և ձգեց մինչև աչքատակ, ասես աչքն էր ուզում կոխի։ Բեղերը ոլորելիս թշերն ուռեցրեց, զուռնա փչողի պես։

Առաքելը կազակների հետ դեռ գյուղը չհասած, բոլորն էլ գիտեին, որ գալիս են։ Այդ երեկո շատ տներում ճրագ չվառեցին, շատերը մինչև լույս աչք էլ չփակեցին։

...Էյ, պլստուն կազակ, ինչո՞ւ այդքան շատ խմեցիր Առաքելի տանը, արյունդ գլխիդ տվավ, տաքացար։ Մանաս, կինդ այդ օրը երանի լվացք չաներ և լվացքը չփռեր պատին։ Որովհետև դիմացի ցանկապատի արանքից Առաքելը կազակին մատով ցույց էր տալիս կնոջդ, որ լվացք էր փռում։ Կազակ, մոռացա՞ր միթե, որ Դունյաշայիդ երկրում ձորակներ չկան, ինչպես Օրանջիան, ցանկապատի հետև վերջին անգամ էիր պռոշներդ լիզում։