Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/119

Այս էջը հաստատված է
* * *

Նախիթի գալը ժողովը ցրում է։ Բոլորը վռազում են տավարը տեղաց անելու։

նախագահն իզուր է կանչում։

— Ժողովը դեռ պրծել չի. հարցեր կա՞...

Բայց նախիրը «հարց հարցոց» է գյուղի համար։

— Այ տղա, բա էսպես էլ ժողովուրդ,— թոնթորում է նախագահը, ինքն էլ իր տավարի մոտ գնում, որովհետև կտուրից արդեն ձեն են տալիս։

Գյուղի խոսք է, թե շինականի ապրուստի մասին նախրապանից հարցրու։ Նա լավ գիտե, թե ով ինչ ապրանք ունի։

Նախրապանն է, որ նախիրը գյուղում ցրելուց հետո ժողովատեղին է եկել, մնացողներից մի բան իմանա։ Բայց բոլորը ցրվել են, ես եմ նստել քարին։

— Օսեփը շատ ա՞ զորբա,— հարցնում եմ նախրապանին։

— Բա հայտնի բան ա, որ զորբա յա։ Էն տավարն ո՛ւմն ա,— ասում է և կողքիս նստում, տրեխի թելը կապում։

— Թամահը շատ ա է՜, հենց էն ա բերանը բաց ման ա ածում, թե որ քյասիբի թիքան կուլ տա։ Բայց վե՛րջը փուչ ա նրա։

Եվ երբ հարցնում եմ, թե ինչո՛ւ վերջը փուչ է, նա ուսերը թոթվում է, հետո գրպանից թութունի քիսան հանում, լցնում չիբուխի կավե գլուխը, մթնում կայծքարը պողպատին խփում և շրթունքները ծպպացնելով փստացնում։

— Դա մեզ լավ հայտնի յա նրա վերջի կյանքը... Օսեփը շունչը դինջ չի տալու...

Եվ առակ է ասում, թե ինչպես ագահ մի գյուղացու ասում են՝ լուսաբացից մինչև արևմուտ ոտով ինչքան գնաս, այդքան հող կտանք քեզ։ Մարդը գնում է, գնում.