Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/138

Այս էջը հաստատված է

Սաքանը թեթև հազաց, թուքը կուլ տվավ և, հայացքը Ասյայի գլխի վրայով դիմացի պատին գցելով, հարցրեց.

— Ասիլն էլ ամոթ ա, բա ձեր հետի ընկերն ո՞ւր ա...

— Նա ձորում բաժանվեց, մոտիկ գյուղը գնաց...— պատասխանեց Ասյան և տեղում ուղղվեց։ Գետնին նստելու անսովոր էր։ Սաքանի կինը նկատեց այդ, ծալքից մի բարձ հանեց, դրեց նրա մոտ։

— Թիկն տուր,— ասաց։

Երբ Ասյան ուզեց թիկն տալ, ոտքերը մի քիչ մեկնեց և ձեռքով շրջազգեստի փեշերը հավաքեց։ Սաքանը աչքը կարպետի նախշերին գցեց, չտեսնելու համար այն, ինչ ձին քշելիս էր տեսել։ Միտն ընկավ ալևորի հարցը, թե՝

— Սաքա՛ն, դու կիմանաս, հըմի նրանց մեջ մի բան չի պատահե՞լ, որ սարերով...

Սաքանն ի՞նչ իմանար, գուցե չի՞ էլ պատահել, գուցե հարևան գյուղ գնացող ընկերը Ասյայի եղբայրն է կամ հորեղրոր որդին։ Ասյան կարպետի փունջերի հետ էր խաղում մատներով, երբ Սաքանը նայեց նրան, ասես ուզում էր ստուգի, թե ում հետ էր սարի ճամփին, գուցե պատահել է մի բան։

—Ուրեմն մշտական շրջում ես գյուղերը, ժողով անում, քարոզ տալիս,— հարցրեց Սաքանը։ Ասյան ծիծաղեց և ծիծաղի միջից «հա» ասեց, գլխով արավ։ Թեկուզ Սաքանը նկատեց, թե ինչ մաքուր էին նրա ատամները և թե գլխով անելիս ինչպես մի փունջ մազ ծամից պոկվեց, ընկավ ճակատին,— տեսավ այդ, և դուր չեկավ Ասյայի ծիծաղը։

Եթե կտուրի վրա եզան կաշի քերող ալևորը այդ րոպեին Սաքանին հարցներ, թե պատահել է մի բան նրանց մեջ, Սաքանը ոչ միայն կասեր, թե'

— Ջահել են, առանց էդ չի...—այլև կհնարեր, կերևակայեր այդ բանի պատմությունը և կտուրի վրա նրստած մարդկանց կպատմեր նույն եռանդով, ինչպես ալևորը՝ Մթնաձորի մոռացված «չարքի» մասին։