Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/143

Այս էջը հաստատված է

մոտեցավ գոմի դռան, բայց հիշեց, որ գնալիք տեղը այգին է, ետ դարձավ, իջավ ձորը։

Երբ որ նա Ասյային օգնեց ձին նստելու և ոտքը պահեց, նրան այնպես թվաց, թե մատները խրվեցին մի փափուկ բանի մեջ։ Երբ կռացավ, ոտքն ասպանդակի մեջ դնելու, Ասյայի զգեստի տուտը բարձրացավ, և Սաքանի աչքին ընկավ նրա սպիտակ շորը։

Ամբողջ օրը այգում ջուր արեց Սաքանը։

Ջուրը կապած էր ծառերի տակ, և մինչև ջուրը տեղ կհասներ, Սաքանը մեջքի վրա պառկում էր, աչքերը կիսախուփ անում։

Ծառերը ճղներն իրար էին տալիս, տերևները քսվում էին իրար։ Երբ ճղները մի քիչ հեռանում էին իրարից, և ճղների արանքից Սաքանի աչքին էր ընկնում երկնքի կապույտը, Սաքանին թվում էր, թե ամպը սպիտակ շորն է, որ գիշերով իրենց տանն էր, անկողնի մոտ։

Մութ էր արդեն, երբ վերադարձավ տուն։ Բահը մի կողմ գցեց, գնաց կովին նայելու։ Վերադարձավ տուն, թոնթորաց կնոջ վրա, թե կովին ծարավ է թողել։ Կինն ուզեց ասի, թե ինքը բոստանն է քաղհան արել, տանը չի եղել, բայց տապ արավ, սփռոցը գցեց, շարեց հաց, պանիր, մածուն։

Սաքանը կերավ կուշտ, ուտելիս չծպտաց, գլուխը քաշ պահեց և վերջին պատառը կուլ տալիս բեղի տակ փնթփնթաց.

- Տեղս գցի․ էն սրաքարը դիր դռան մոտ, որ առավոտը տանեմ։

Ասեց և գոտին արձակեց:

Երբ գլուխը դրեց բարձին, Սաքանը նորից զգաց այն հոտը, որ Ասյայի շորերից էր գալիս։ Երեկ այդ բարձը նրա գլխատակին էր։

Սաքանը գլուխը թաղեց բարձի մեջ, լայնացած ռունգերով և խոր սկսեց շնչել։ Նրա աչքի առաջ օրորվում էին ուսը, մի սպիտակ շոր, փափուկ ոտքերը։