Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/147

Այս էջը հաստատված է

...Ձմռան սկիզբն էր, ձյունը նոր էր եկել: Գիշերը հասանք հենց այս արահետին և բաժանվեցինք անտառի գլխավոր ճանապարհից։ Լուսնյակի տակ ձյունը շափաղ էր տալիս, ասես սպիտակ մարմար էր, որի մեջ արտացոլում էին ծառերի սև բները։ Ձորագյուղցի ձիապանը արահետի գլխից մատը մեկնեց ներքևի ձորը.

— Հրեն է՜, մեր գյուղը:

Զյունի սպիտակության վրա վերևից ես նշմարեցի փոքրիկ սև կետեր։ Գյուղի տներն էին, խոտերի և աթարի դեզերը։ Մի տան պատուհանից ճրագի սպիտակ լույս էր երևում, կարծես այգ մթին ստվերների մեջ մոլորվել էր մի մանրիկ աստղ։ Մի քիչ իջանք լանջով, և լսելի եղավ շան զրնգան հաչոցը, որ անտառում արձագանք էր տալիս, ինչպես կացնի զարկերը:

— Էն մեր Բողարի ձայնն է,— ասաց ձիապանը։ Ձին էլ կարծես հասկացավ, որ գյուղը մոտ է. որ Բողարն է հաչում, և քայլերն արագացրեց։

Իսկ ինձ թվում էր, թե գնում եմ շատ հեռու երկիր, որի մասին հեքիաթի պես պատմում էր աշխարհագրության դասատուն։ Մանուկները հաճախ ցնորում են հեռավոր երկրների մասին, ուր կարմրամորթ մարդիկ են ապրում, ծառերի վրա՝ գույնզգույն փետուրներով թռչուններ։ Եվ երբ նրանք տնից հեռանում են, նրանց թվում է, թե շատ մոտ է ցնորքի այդ աշխարհը:

Ես էլ այդպես էի մտածում, թեև արդեն պատանի էի։ Երևի անտառն էր այդպես տրամադրում, ձմեռային գիշերվա վեհությունը, քարաժայռերի անձև կերպարանքը և այն անորոշ ձայները, որ գալիս էին ձորերից ու անտառից։ Գուցե և հոգնածությունն էր մշուշել իմ գիտակցությունը։ Չեմ հիշում. միայն գիտեմ, որ աոաջին անգամ Ձորագյուղ գալը դարձավ իմ կյանքի լավ գիշերներից մեկը։

Ձիապանն ինձ տարավ իրենց տունը: Ինչպե՜ս անուշ մրափեցի թոնրի մոտ, քուրսու վրա: Բավական ուշ աչքս կիսաբաց արի և նայեցի երդիկին։ Ձմռան գիշերից մի քիչ